Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստանի» շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության հետ: Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում՝ անդրադառնալով վաղ առավոտից մեկնարկած խուզարկություններին և ձերբակալություններին:
«Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։
Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով»,-գրել է Լևոն Քոչարյանը։
Նոյեմբերի 4-ի վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստանի» նախագահ և ԱԺ խմբակցության ղցեկավար Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ձեռնարկություններում։ Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ, այնուհետև հայտնի է դարձել, որ նա ձերբակալված է:
Ըստ ՔԿ-ի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թթ․ կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: