Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, արգելվել է ելքը Հայաստանից․ փաստաբան

Արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը։ Այս մասին փոտրվարի 14-ին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս) հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Դատարանը որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասսյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։

Հունվարի 31-ին  արգելվեց մի շարք բարձրաստիճան հոգևորականների ելքը երկրից՝ հունվարի 31-ին որպես մեղադրյալ Քննչական կոմիտե էին հրավիրվել Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին։ Եպիսկոպոսները մեղադրվում են նույն գործով՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ դատական ակտեր տարիներով չեն կատարվում, մինչդեռ այս դեպքում քրեական գործի հարուցումը և դատական ակտի կատարումը տեղի են ունենում աննախադեպ արագությամբ։ Փաստաբանը այս հանգամանքը կապում է գործադիր իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների հետ, որոնց նպատակն է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելը։

Երեկ՝ փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր որ ժողովը «կաթողիկությունը Հայաստանից դուրս տանելու փորձ է» և ասել էր, որ «կզգան զգուշացումները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 16-19-ին եպիսկոպոսաց ժողով է հրավիրել՝ քննարկելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։

The post Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, արգելվել է ելքը Հայաստանից․ փաստաբան appeared first on CIVILNET.

Leave a comment