Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով

Քաղաքականություն

04.11.2026 | 14:25

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում է  ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով  Զելենսկիի  հրամանագրին։

Պարգևը շնորհվել է Ուկրաինային մարդասիրական աջակցության գործում ունեցած նշանակալի անձնական ավանդի, մարդու իրավունքների պաշտպանության և բարեգործական ակտիվ գործունեության համար, որոնք ուղղված են ուկրաինացի երեխաների փրկությանը, ռուսական ագրեսիայի հետևանքով տուժած, ինչպես նաև Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներից ապօրինի արտաքսված և բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելուն։

Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփն աջակցել է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում մարդասիրական առաքելության իրականացմանը և հասել այդ շրջանում հրադադարի հաստատմանը՝ քաղաքի բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։ Օլեշկիից տարհանվել է շուրջ 800 մարդ։

Բացի այդ, նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Նա նաև ելույթ կունենա՝ անդրադառնալով Օլեշկիում հաստատված հրադադարին։ Հանդիպմանը, ըստ տեղեկությունների, ուկրաինական կողմից կմասնակցեն «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և  մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, իսկ ռուսական կողմից՝ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և օմբուդսմեն Յանա Լանտրաստովան։

Սպիտակ տանը սա անվանել են ԱՄՆ առաջին տիկնոջ աննախադեպ դիվանագիտական նախաձեռնություն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment