Թրամփը հայտարարել է 2027-ից Իսրայելին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին (PAN.am)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը 2027-ից կդադարեցնի Իսրայելին տարեկան մոտ 4 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրումը՝ շարունակելով սպառազինության վաճառքը։

Fox News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում Թրամփը պարզաբանել է, որ Իսրայելն այլևս այդ ֆինանսական միջոցների կարիքը չունի։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում դադարեցնել զենքի վաճառքը Մերձավոր Արևելքում իր ամենամոտ դաշնակցին։

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ նախաձեռնությունն ի սկզբանե ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Թրամփը հայտնել է, որ իրենք այդ հնարավորությունը քննարկում են արդեն մի քանի տարի, հայտնում է Deutsche Welle-ն:

«Լսեք, մենք նրանց 4 միլիարդ դոլարի իրեր և գումար ենք տալիս, իսկ նրանց դա պետք չէ»,– ասել է Թրամփը։

Ամերիկյան առաջնորդը որոշումը պայմանավորել է նաև երկրում ընթացող նախընտրական պայքարով։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելին հատկացվող ռազմական աջակցությունը դարձել է քաղաքական հակառակորդների քննադատության հարմար թիրախ։

Թրամփը, մասնավորապես, հիշատակել է Միչիգան նահանգում Սենատի ընտրություններին մասնակցող դեմոկրատ Աբդուլ Էլ Սայեդին, որը հայտնի է Իսրայելի քաղաքականության նկատմամբ իր բացահայտ քննադատական դիրքորոշմամբ։

Ի տարբերություն Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և եվրոպական բազմաթիվ այլ պետությունների՝ Միացյալ Նահանգներում ընտրությունների օրը նախընտրական քարոզչությունն ու քաղաքական հայտարարություններն արգելող համընդհանուր լռության ժամանակահատված նախատեսված չէ։

Գործող սահմանափակումները հիմնականում վերաբերում են առանձին նահանգների օրենսդրությամբ ընտրատեղամասերի հարակից տարածքներում քարոզչություն իրականացնելու կանոններին։ Այդ պատճառով քաղաքական գործիչները, այդ թվում՝ երկրի նախագահը, կարող են հարցազրույցներ տալ և հրապարակային հայտարարություններ անել նույնիսկ քվեարկության ընթացքում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո մեկնաբանություն չի ներկայացրել։

Փոխարենը Նեթանյահուի գլխավոր քաղաքական մրցակից Գադի Այզենկոտն արձագանքել է տեղի ունեցածին՝ վտանգավոր համարելով այն իրավիճակը, երբ Իսրայելի պաշտպանական կառույցները երկրի անվտանգությանն առնչվող կարևոր փոփոխությունների մասին տեղեկանում են լրատվամիջոցներից։ Նա նաև կոչ է արել փոխարինել գործող վարչապետին։

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ներկայում գործող ռազմական աջակցության տասնամյա համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականին՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք։ Փաստաթղթով նախատեսվել է ընդհանուր 38 միլիարդ դոլարի աջակցություն, իսկ դրա գործողության ժամկետը սահմանված է մինչև 2028 թվականը։

Թրամփի հայտարարությունը հնչել է Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության հերթական սրման պայմաններում։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը պաշտպանական բնույթի հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական օբյեկտներին, որտեղ կիրառվել են զենիթային հրթիռներ։

Իրանի պետական հեռուստատեսությունն իր հերթին տեղեկություններ է տարածել Քեշմ կղզում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ։

Իրանի խորհրդարանի նախագահ և բանակցային գործընթացի գլխավոր ներկայացուցիչ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ Թեհրանն արդեն պատասխանել է Վաշինգտոնի գործողություններին։

Նրա խոսքով՝ Իրանը Միացյալ Նահանգներին տվել է «կոշտ և ռացիոնալ պատասխան», իսկ տարածաշրջանում նոր պատերազմի կանխումը ներկայում կախված է ամերիկյան կողմի հետագա քայլերից։

Ղալիբաֆը խորհրդարանում հայտարարել է նաև, որ Իրանը շարունակում է պահպանել լիակատար պատրաստվածությունը՝ «մատը պահելով ձգանի վրա»։

Միաժամանակ իրանցի պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործողություններ է իրականացրել Թեհրանը՝ որպես իր նշած պատասխան։

Leave a comment