Գյումրու Կարա-Մուրզայի քոլեջի փոխտնօրենը կաշառքով դիմորդի ուսումն անվճար է կազմակերպել

Բաժանորդագրվել

Փոխտնօրենից բացի մեղադրանքներ են ներկայացվել նաև քոլեջի երկու դասախոսի, ովքեր միջնորդ են եղել կաշառքը տվողի և ստացողի միջև։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ փոխտնօրենը, որը զբաղեցրել է նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց նրա ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք:

«Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներից նույնպես ստացել է 350.000-ական ՀՀ դրամ կաշառք»,- հայտնում են կոմիտեից:

Նախաքննությամբ պարզվել է, որ գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ միջնորդ լինելով։

Քոլեջի փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է որպես կաշառք ստացված ավելի քան 1 մլն դրամ գումարը։

Leave a comment