Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում ձևավորվել է մարզչական կոմիտե, որը կգլխավորի նախկին բասկետբոլիստ, փորձառու մարզիչ Վահագն Հարությունյանը, որն ունի նաև վաստակավոր մարզչի կոչում։ Նա երկար տարիներ զբաղեցրել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Մարզչական կոմիտեի ստեղծման հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բասկետբոլի մարզիչների մասնագիտական զարգացմանը, մարզչական կրթության համակարգի կատարելագործմանը և մարզումների որակի բարձրացմանը։

Ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 75 բասկետբոլային մարզիչ։ Ֆեդերացիայի առաջնահերթություններից է նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև նոր մարզիչների ներգրավումը և մարզչական համայնքի ընդլայնումը։

Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու՝

  • Մարզիչների համար պարբերական սեմինարների, վերապատրաստումների և գործնական դասընթացների կազմակերպումը։
  • Մարզչական կրթության և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը։
  • Միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտասահմանյան մասնագետների հետ համագործակցության զարգացումը։
  • Մանկապատանեկան բասկետբոլում մարզումների մեթոդաբանության և տարիքային զարգացման մոտեցումների կատարելագործումը։
  • Հայաստանի մարզերում գործող մարզիչների մասնագիտական զարգացման աջակցությունը։
  • Երիտասարդ մարզիչների ներգրավումն ու նրանց մասնագիտական աճի խրախուսումը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կարևորում է մարզչական համայնքի դերը հայկական բասկետբոլի երկարաժամկետ զարգացման գործում և նպատակ ունի ձևավորել շարունակական կրթության ու մասնագիտական համագործակցության արդյունավետ համակարգ:

Leave a comment