«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին այդ գումարն ավելի պակաս էր` շուրջ 542 միլիոն, 2024-ին՝ արդեն 603 մլն, 2026-ին՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` պետության վրա վարչապետի, նրա ընտանիքի ծախսն անշեղորեն աճում է: Ստացվում է, որ Կառավարական դաչաներում ապրողների կեցության վրա օրական ծախսվում է ավելի քան 1.7 մլն դրամ, կամ մոտ 5 հազար դոլար։ Այս միջոցները ծախսվում են բարձրաստիճան պաշտոնատար 4 անձի եւ նրանց ընտանիքների վրա` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան եւ Սուրեն Պապիկյան: Այս գումարի մեջ են մտնում Կոնդի առանձնատների եւ տարածքի պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գումարները։ Բայց պարզվում է՝ հոգում են այս ընտանիքների բոլոր ծախսերը` սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային պարագաներից, մինչեւ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: Մենք գրել էինք, որ կոնկրետ գեղեցկության սրահ կա, որից օգտվում են Փաշինյանի ընտանիքի կին անդամները, ապա «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում են այդ սալոնին, ինչը հետագայում հաստատել էր նաեւ կառավարության աշխատակազմը` գրավոր պատասխանելով մեր հարցին: Ասել էին, որ ամսվա վերջում վարչապետն ինչ որ գումար է իր աշխատավարձից փոխանցում ՊՈԱԿ-ի հաշվին, որից էլ կատարվում են այդ փոխանցումները, ինչը եւս օրենքի խախտում է: Պետությունը շատ բարձր աշխատավարձ է վճարում վարչապետին ու մյուս պաշտոնյաներին, որ նրանց իրենց գրպանից ուղիղ հոգան իրեն կարիքները, այլ ոչ թե պետական փողն ու սեփական փողը խառնեն իրար:
Մենք փորձեցինք պարզել, թե, օրինակ, ինչքան գումար է կազմում նշված գեղեցության սրահի ծառայություններից օգտվելը, որտեղ սպասարկվում են վարչապետի ընտանիքի անդամները։ Զանգահարեցինք նշված սալոն եւ տեղեկացանք, որ այն Երեւանի մասշտաբով ամենաթանկ ծառայություններն է մատուցում` մատնահարդարումը գելլաքով սկսվում է 13 հազար դրամից, ոտնահարդարումը` KART խնամքի միջոցով` արժեքը սկսվում է 20 հազար դրամից։ Ծառայությունները մատուցվում են VIP սենյակում, որից օգտվելու համար անհրաժեշտ է գոնե 2 օր շուտ զանգահարել` տեղ ամրագրել։ Հարցին՝ փոխանցումով աշխատո՞ւմ են, սրահի աշխատակիցը պատասխանեց․ «Այդ դեպքում նախապես պետք է ասել, մեր հաշվապահը հաշիվը գրի` Ձեր մոտենալուց առաջ, փոխանցումը արվի, մոտենաք` կսպասարկենք»։ Ամսվա մեջ եթե 2-3 անգամ այս ծառայություններից օգտվեն Փաշինյանի երեք աղջիկները եւ կինը, կարող եք հաշվել, թե որքան է նստում հանրության վրա միայն այս ընտանիքի կանացի հատվածի մատնահարդարումն ու ոտնահարդարումը: Մոտավոր հաշվարկներով դա կազմում է մոտ հազար դոլարին համարժեք գումար: