Տեխնոլոգիական աշխարհի հեղինակությունները՝ մեկ հարթակում. Երևանում մեկնարկեց Silicon Mountains 2026-ը

Silicon Mountains 2026 երկօրյա միջոցառման առաջին օրը․ միջազգային տեխնոլոգիական ղեկավարների, ներդրողների և քաղաքականություն մշակողների ելույթներ, նոր բացիկ՝ նվիրված ««Սիլիկոնային սարեր 2026» տեխնոլոգիական գագաթնաժողովին և ցուցահանդեսին, մրցանակներ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողներին։

Նոյեմբերի 3-ին Երևանում մեկնարկեց ՏՀՏ ոլորտի «Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա միջոցառումը՝ «Ներդրում՝ նորարարությունների մեջ» խորագրով։ Միջոցառումը, որը 2019 թվականից կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ), այս տարի միավորում է միջազգային գագաթնաժողովն ու տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։

Միջոցառման բացման արարողություն

Բացման ելույթներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշեց, որ հարթակը տարիներ շարունակ միավորում է նորարարներին, ներդրողներին և ընդհանրապես ոլորտի ջատագովներին, որոնք այսօր համաժողովի կազմակերպիչների շարքում են։ Նրա խոսքով՝ այն պատկառելի ճանապարհը, որը ոլորտն անցել է վերջին երեք տասնամյակում, դժվար է չնկատել։ Նախարարը կարևորել է ներդրումը մարդու և նրա կարողությունների, գաղափարները սկզբից մինչև վերջ նման գործնական միջավայրում նպատակին հասցնելու մեջ։

ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը ներկայացրեց երկրի տեխնոլոգիական զարգացման հինգ հենասյուները՝ կրթությունը, ստարտափները, ներդրումները, պետություն-մասնավոր համագործակցությունը և միջազգային համագործակցությունը։ Բալդրյանն ընդգծեց, որ դրանք բոլորը ներկայացված են համաժողովի օրակարգում։ Նրա գնահատմամբ՝ պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունից լուրջ արդյունքներ են սպասվում առաջիկա երկու-երեք տարում։ Բացման արարողությունից հետո ներկաները շրջեցին Expo-ի տարածքում։

Գագաթնաժողով. միջազգային առաջատար խոսնակների ելույթներ

Գագաթնաժողովի բացումից հետո բեմ բարձրացան տեխնոլոգիական աշխարհում ամենաբարձր հեղինակություն վայելող անուններ։ Սա այն բացառիկ առիթներից է, երբ նման մասնագետները մեկ օրվա ընթացքում հավաքվում են նույն սրահում։

Գագաթնաժողովի բացման խոսքում ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներդրումը բնորոշեց լայն իմաստով՝ ոչ միայն որպես կապիտալ, այլև որպես նոր լաբորատորիա, կրթական ծրագիր, փորձի փոխանցում, երիտասարդ թիմին տրված առաջին պատվեր կամ միջազգային գործընկերության համար բացված դուռ։ Նա հիշեցրեց, որ 2024 թվականից Silicon Mountains-ը ներկա է նաև մարզերում՝ այն համոզմունքով, որ երիտասարդի հնարավորությունները չպետք է որոշվեն նրա բնակության հասցեով։ Մուսայելյանը նաև հայտարարեց, որ հաջորդ մարզային միջոցառումը կանցկացվի Տավուշի մարզում։ Իր խոսքն ավարտելիս նա ընդգծեց.

«Վաղվա հաջողության մեջ բաժին ունենալու համար պետք է պատրաստ լինել այսօր կիսելու դրա ռիսկը»։

Գագաթնաժողովի հիմնական բանախոսի՝ X-energy-ի, Intuitive Machines-ի, Axiom Space-ի և Quantum Space-ի գործադիր նախագահ և համահիմնադիր, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման 2026 թ. դափնեկիր դոկտ. Քամ Ղաֆարյանի ելույթն առաջինն էր՝ «Միասին կառուցելով տիեզերական ապագան․ դառնանք «միջաստղային»» թեմայով։

«Երբ ոգեշնչվում եք որևէ մեծ նպատակով կամ արտասովոր նախագծով, ձեր մտքերը կոտրում են բոլոր կապանքները. միտքը դուրս է գալիս սահմանափակումների շրջանակից, գիտակցությունը ընդարձակվում է բոլոր ուղղություններով, և դուք հայտնվում եք մի նոր, մեծ ու հրաշալի աշխարհում։ Քնած ուժերն ու կարողությունները, տաղանդներն արթնանում են, և դուք բացահայտում եք, որ շատ ավելի մեծ անհատականություն եք, քան երբևէ երազել եք լինել»։

Հասան Մանսուրը՝ Monty Mobile-ի գլխավոր գործադիր տնօրենը, ելույթ ունեցավ «Հրաշալի նորարարություն․ արդյո՞ք դա բավարար է» թեմայով։ Ընկերությունում նա կարիերան սկսել է 2006 թվականին՝ որպես նորավարտ ինժեներ, այսօր ղեկավարում է Monty Mobile-ի միջազգային գրասենյակների գլոբալ թիմերը. ընկերությունը գործում է ավելի քան 200 երկրում և տարածաշրջանում։

SEMI Europe-ի նախագահ Լայթ Ալթիմիմեն, որն ավելի քան 30 տարվա միջազգային փորձ ունի կիսահաղորդչային արդյունաբերության մեջ և պատասխանատու է, մասնավորապես, SEMICON Europa-ի համար, ներկայացրեց «Վերասահմանելով կիսահաղորդիչների ողջ արժեշղթան» թեման։
Nokia-ի Եվրոպայի ցանցային ենթակառուցվածքների տեխնիկական տնօրեն Ռիկարդո Պինտուն, որն ավելի քան 25 տարվա փորձ ունի հեռահաղորդակցության ոլորտում, խոսեց «Կապից՝ բանականություն․ կառուցելով ԱԲ-հարմարեցված ապագան» թեմայով՝ ներկայացնելով արհեստական բանականության դարաշրջանի ցանցային ենթակառուցվածքների զարգացումը։

STARMUS-ի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը ներկայացրեց, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում աստղաֆիզիկան։

Հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր Silicon Mountains համաժողովի ընթացքում իրականացվում է հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն։ 2026 թվականի համաժողովը բացառություն չէր. հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված «Silicon Mountains 2026» համաժողովին և տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Բացիկի դիմերեսին պատկերված են «Silicon Mountains 2026» և «տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես» գրառումները հայերեն և անգլերեն, դարձերեսին՝ 2025 թվականին Հայաստանում տեղի ունեցած համաժողովից լուսանկար։

Արարողությանը մասնակցեցին Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ բացիկներն ունեն լուրջ ֆիլատելիստական արժեք, քանի որ հայտնվելու են տարբեր հավաքածուներում, և ընդգծեց՝ «Silicon Mountains»-ը վերջին տարիներին դարձել է Հայաստանի տեխնոլոգիական կարևորագույն հարթակը։ Գևորգ Մանթաշյանն ասաց, որ բացիկը կհայտնվի աշխարհի տարբեր վայրերում՝ վկայակոչելով այս հիշարժան օրը։

Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպագրվել է «Կտավ» ՍՊԸ-ում՝ 150,0 x 110,0 մմ չափսով, 500 օրինակով, թողարկման օրը՝ 2026 թվականի նոյեմբերի 3։ Բացիկը ենթակա չէ վերատպագրության, և այն կարելի է «ՀայՓոստ»-ի ցանկացած բաժանմունքից ուղարկել ցանկացած երկիր։
Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխություն
Գագաթնաժողովի առաջին օրն ավարտվեց Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությամբ։

Մրցանակաբաշխության մեկնարկի ընթացքում ՀՏՀԳՄ նախագահ Արմեն Բալդրյանն ասաց․ «Միկրոէլեկտրոնիկան տեխնոլոգիաների հիմքն է, իսկ տեխնոլոգիական զարգացման ապագան այն մասնագետներն են, որոնք երկու օր մրցում էին Երևանում։ Միկրոէլեկտրոնիկան ոլորտ չէ, այն մտածելակերպ է, հատուկ ինժեներական բնավորություն և աշխարհին նայելու հատուկ պրիզմա։ Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր մասնակիցները մի քանի տարի հետո լինեն այնպիսի մասնագետ, որոնց ամբողջ աշխարհը կճանաչի»։

Օլիմպիադայի մրցանակակիրներն են․

 

Silicon Mountains-ի մասին

Silicon Mountains-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական հարթակն է, որը 2019 թվականից կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը։ Այս ընթացքում միջոցառման շրջանակներում հանդես են եկել ավելի քան 100 խոսնակ, մասնակիցների թիվը գերազանցել է 10000-ը։ Այս տարվա միջոցառումը 11-րդն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment