Էդուարդ Շարմազանով. «Աշոտ Նավասարդյանը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ազգային պետականության վերականգնման համար». այսօր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է

Այսօր Խորհրդային Միության տարիների քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։ Նրա հիշատակը հարգելու նպատակով Եռաբլուր փառքի պանթեոնում էին հավաքվել ՀՀԿ անդամները, Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների հարցին, թե Անկախության բանակի հիմնադիրը ինչպե՞ս կարձագանքեր այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, երբ կասկածի տակ են դրվում հենց անկախությունը եւ Անկախության հռչակագիրը, պատասխանեց. «Բովանդակային իմաստով Աշոտ Նավասարդյանը կարձագանքեր այնպես, ինչպես արձագանքում է իր ստեղծած Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, որը պայքարում է ազգային արժեքների եւ պետության ազգային նկարագրի պահպանման համար, Անկախության հռչակագիրը սահմանադրության նախաբանից չհանելու եւ պահպանելու համար։

Մեր բոլոր լիդերներին՝ Աշոտ Նավասարդյանից սկսած՝ Վազգեն Սարգսյանին, Անդրանիկ Մարգարյանին, այսօր՝ Սերժ Սարգսյանին, մեր կուսակցության հիմնական կորիզին միավորողը գաղափարն է՝ անկախության, պետության ազգային նկարագրի, ավանդական ու պահպանողական ազգային արժեքների պաշտպանության, Հայկական Արցախի, ուժեղ, հայաստանակենտրոն իշխանություն եւ հայաստանակենտրոն ընդդիմություն ունենալու եւ ազգային հասարակություն ունենալու գաղափարն է։

Աշոտ Նավասարդյանը այն անձնավորությունն է, որը տասնամյակներ շարունակ պայքարել է հայոց ազգային պետականության վերականգնման համար։ Նրա համար ազգային պետությունը եղել է գերնպատակ։ Մեկ անգամ չէ, որ Աշոտ Նավասարդյանը հրապարակային հայտարարել է, որ մեզ պետք է ոչ թե վերացական անկախ պետություն, այլ ազգային անկախ պետություն, որը հիմնված եւ խարսխված է ազգային, նժդեհյան, Հայկ նահապետից եկող արժեքների վրա։

Կարող է բաներ ասեմ՝ այդ քպականներին թվա, թե հեքիաթներից, հնացած արժեքներից եմ խոսում։ Բայց ես խոսում եմ հավիտենական արժեքներից։ Ինչպես Նժդեհը կասեր՝ երկու հավիտենական արժեք հաստատ կա։ Վերեւում՝ Աստված, իսկ այստեղ՝ մեր Հայրենիքը»։

Անդրադառնալով հարցին, թե Աշոտ Նավասարդյանի թողած պատգամներից այսօր որոնք են ավելի արդիական, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Բոլորը։ Իր ամբողջ գործունեությունը ուղենիշ է ոչ միայն հանրապետականի, այլեւ ազգային արժեք ունեցող ազգային պետության ջատագով յուրաքանչյուր քաղաքացու համար։ Աշոտ Նավասարդյանի եւ նրա ընկերների կենսագրությունը եւ նրանց ամբողջ գործունեության բովանդակությունը ուղենիշ է բոլորիս համար՝ պաշտպանել ազգային արժեքները, պաշտպանել ազգային անկախ պետականությունը։ Եվ անկախ նրանից, թե փոթորիկներն ու քամիները որ կողմից են գալիս՝ հյուսիսից, հարավից, արեւելքից, թե արեւմուտքից, պինդ կանգնել մեր ազգային արժեքների եւ անկախ պետականության հիմքերի վրա։ Եվ այսօր ինչ անում է Հանրապետական կուսակցությունը, գալիս է հենց այդ արժեքներից։

Այսօր մեր պետությունը մի կողմից կանգնած է անկախ պետականության փշրանքների պահպանման եւ նոր վերածնունդ ապրելու ընտրության, մյուս կողմից՝ իրական Հայաստանի քողի տակ Հայաստանը դեպի վիլայեթացում կամ ադրբեջանացում տանելու առջեւ՝ մոռացության տալով մեր ողջ գենետիկ հիշողությունը, 35-ամյա Անկախ Պետականության արժեքները։

Եթե այսօր ռեժիմի ղեկավարը հայտարարում է, որ անկախության հռչակագիրը հակապետական է, հասկանո՞ւմ եք, որ ամբողջ այս Եռաբլուրի նկատմամբ է այդ դիվերսիան տեղի ունենում, Աշոտ Նավասարդյանի ապրած կյանքի նկատմամբ է այդ դիվերսիան տեղի ունենում։ Մեր գործն է, որ որքան էլ դժվար լինի, պաշտպանենք եւ ամուր կանգնենք այդ արժեքների համար։ Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը եղածը պահելն է։ Իսկ եղածը պահելու համար մենք չենք կարող ունենալ ապազգային իշխանություն»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment