Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտարարել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
ԲԴԽ-ն բավարարել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության՝ դատավոր Գևորգ Մանուկյանը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործի նախաքննությունն իրականացվել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում, որտեղ ինքն աշխատել է 2008–2020 թվականներին։
Բացի այդ, գործի շրջանակում քննվել է իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացման հանգամանքը, իսկ հանրային մեղադրողի հետ դատավորը նախկինում աշխատանքային հարաբերություններ է ունեցել։
Նախարարության գնահատմամբ՝ այս հանգամանքները բավարար հիմք չեն եղել ինքնաբացարկի համար, և դատավորի որոշումը կարող է ընկալվել որպես արդարադատության իրականացումից խուսափում։
Արշակ սրբազանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։ Հոկտեմբերի 26–ին Արշակ սրբազանին թույլատրեցին չմասնակցել նիստերին և Էջմիածնից դուրս գտնվող ԲԿ–ներ այցելել։