«Նուբարաշեն» քկհ-ում կանալիզացիայի հոտ հիմա չի գալիս, չենք կարող այդ մարդկանց տանել մեր տուն, մինչև նոր քկհ-ի կառուցումը․ Սրբուհի Գալյան

«Նուբարաշեն» քկհ-ում կանալիզացիայի հոտ հիմա չի գալիս, չենք կարող այդ մարդկանց տանել մեր տուն, մինչև նոր քկհ-ի կառուցումը․ Սրբուհի Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առաջիկա ամիսներին աշխատելու ենք, որ մասնավոր-պետություն գործընկերության շրջանակներում կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, մենք խնդիր ունենք փակելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է 2027 թվականի բյուջեի նախագիծը, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է անենք մինչև նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, ոչ մի բան, չենք կարող այդ մարդկանց, օրինակ, տանել մեր տուն, պետք է մնան այնտեղ։ Իհարկե, մենք պետք է որոշակի փոփոխություններ անել այս ընթացքում և անում ենք, եթե կհիշեք, նախկինում կանալիզացիայի հոտ էր գալիս, հիմա կանալիզացիան վերանորոգվել է և հոտ չի գալիս»,-ասաց նա և նշեց, որ որոշակի խցեր, լոգասենյակներ ևս վերանորոգվել են։

Սրբուհի Գալյանը նշեց, որ համաներումը լավագույն խնդրի լուծումը չէ, քանի որ եթե համաներումը բխում է «Նուբարաշենում» գտնվող անձանց շահերից, ապա չի բխում Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից։

Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկ վերադարձած անձանցից 55 տոկոսը կրկնահանցագործներ են։ Նախարարը նշեց, որ համաներումը պարզ լուծում է, բայց գնում են բարդ լուծումներով։

«Կառավարությունը դանդաղել է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու հարցում՝ նախապատվությունը տալով արագ 300 դպրոց և հինգ հարյուր մանկապարտեզ կառուցելուն, պետական բյուջեի ֆինանսական միջոցներն անսպառ չեն»,-ասաց նա։

Leave a comment