Առաջնորդարան այցելելու թույլտվություն և վարչական հսկողության մեղմացում․ Մկրտիչ սրբազանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող հերթական դատական նիստը։ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական կամ լիազորություններն օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով։

Սրբազանի պաշտպանական կողմը դատարան միջնորդություն ներկայացրեց մեղմելու նրա նկատմամբ կիրառված վարչական հսկողության պայմանները՝ առաջարկելով պրոբացիայի ծառայությունում շաբաթական գրանցումը փոխարինել ամսական գրանցմամբ. «Խնդրում ենք թույլ տալ Սրբազանին այցելել Աշտարակ քաղաքում գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդարանի իր աշխատասենյակ և շփվել այնտեղ գտնվող աշխարհիկ աշխատակիցների հետ»:

Նշվեց, որ թեմում ստեղծվել է վարչական խորհուրդ (որի նստավայրը գտնվում է Օշականում), և առաջնորդարան այցելելը հնարավորություն կտա ապահովել կրոնական կազմակերպության բնականոն կառավարումն ու գործունեությունը՝ չխախտելով գործող արգելքները (օրինակ՝ հոգևորականների հետ չթույլատրված շփումների մասով): Պաշտպանները նաև միջնորդեցին որոշ ապացույցներ հետազոտել։ Դատարանը բավարարեց նրանց միջնորդությունը:

Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին հետազոտել գրավոր ապացույցները, հարցաքննել 3 վկաներին: Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 19-ին:

Հիշեցնենք, որ սրբազանը կալանավորվել է 2025 թ. հոկտեմբերին, դատարանը մի քանի անգամ երկարաձգել է նրա կալանքի ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունները։ Սրբազանը մեղադրանքները չի ընդունում։

Դատական նիստն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment