Ալեն Սիմոնյանն ուզում է զբաղեցնել Տիգրան Ավինյանի աթոռը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն կուսակցության ներսում արդեն իսկ լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։ Այդ մասին նշված է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման մեջ։

Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանը, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը. նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ:

«Սիմոնյանն այժմ իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին»,– գրել է օրաթերթը։

Գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս, ըստ «Ժողովուրդ»–ի` մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել իր պաշտոնից. նա իր շրջապատում հայտարարել է, որ թույլ չի տալու՝ Երևանի քաղաքապետի պաշտոնն իր ձեռքից խլեն։ Ավելին` Ավինյանը թիմակիցներին հանդարտեցրել է՝ վստահեցնելով, որ որևէ խնդիր չկա, և ինքն է շարունակելու ղեկավարել մայրաքաղաքը։

Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը համոզված է, որ Սիմոնյանը բավարար քաղաքական վարկանիշ չունի, ՔՊ վարչությունում ընդունված չէ որպես քաղաքապետի թեկնածու և չի կարող ստանալ առաջադրման համար անհրաժեշտ աջակցությունը։

«Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը նախկինում ևս Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնություն է ունեցել, սակայն այդ ժամանակ զիջեց իր դիրքերը հանուն ընկերոջ՝ Հայկ Մարությանի։ Այս անգամ, սակայն, Սիմոնյանը պատրաստ չէ նույն քայլն անել Տիգրան Ավինյանի դեպքում»,– ընդգծել է «Ժողովուրդը»։

Օրաթերթի վստահեցմամբ` իրականում և՛ Ավինյանը, և՛ Սիմոնյանը ունեն ցածր վարկանիշ և՛ կուսակցության ներսում, և՛ հանրային դաշտում, ուստի դեռ վաղ է ասել՝ արդյոք ՔՊ-ն պետք է ընտրություն կատարի հենց այս երկուսի միջև, թե նոր, առավել ընկալելի թեկնածու ի հայտ կգա։

Sputnik Արմենիա

Leave a comment