Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը

Քաղաքականություն

02.11.2026 | 22:20

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանի և Հասմիկ Ենգոյանի հետ նոյեմբերի 2-ին հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական հարաբերությունների զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների և TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում, իր կարծիքով, առկա որոշ բացթողումների ու խնդիրների, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող գործակցության ու Հայաստանի՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։ Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։

Leave a comment