Պարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերել

Բաժանորդագրվել

Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 27–ամյա երիտասարդը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ այսօր հայտնաբերել են խլացուցիչով ապօրինի ինքնաձիգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Այսօր՝ ժամը 14։50–ի սահմաններում, պարեկային ծառայողները Երևանի Սիլիկյան թաղամասում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող մի երիտասարդի, որը տեսնելով պարեկներին՝ դրսևորել է կասկածելի վարքագիծ և փորձել փախուստի դիմել։

Պարեկները հետապնդել և բռնել են նրան. զննության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ինքնաձիգ։

«Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է»,– նշել են ոստիկանությունից։

Իրավապահները երիտասարդի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։

Հայտնաբերվածն առգրավվել է, իսկ 27–ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Leave a comment