«Ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, ապատեղեկատվության ծավալներն աճում»․ Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2026-ը՝ մարտահրավերների քննարկման հարթակ

Ստրասբուրգում մեկնարկեց «Նոր ժողովրդավարական պակտ Եվրոպայի համար» խորագրով Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը:

Նոյեմբերի 2-3-ին Եվրոպայի խորհրդում (ԵԽ) անցկացվող ֆորումը մեկ հարկի ներքո է համախմբել քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների։ Երկօրյա քննարկումների ընթացքում նրանք կգնահատեն Եվրոպայում ժողովրդավարության ներկա վիճակը՝ համաշխարհային կարգի խաթարման պայմաններում, ինչպես նաև կքննարկեն ապագա ժողովրդավարական անվտանգության ապահովման հնարավոր լուծումները։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայերը ֆորումի բացման խոսքում մտահոգություն հայտնեց, որ գրեթե ամեն շաբաթ նոր մարտահրավերներ են առաջանում․ «Ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, ապատեղեկատվությունը տարածվում, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը զիջում է իր դիրքերը»։ Նրա համոզմամբ՝ ինստիտուտները, քաղաքական գործիչները միայնակ չեն կարող պաշտպանել ժողովրդավարությունը, այն մեզնից՝յուրաքանչյուրից է սկսվում։

Պետրա Բայերը, հորդորելով անցնել կոնկրետ գործողությունների, նշեց․ «Ժողովրդավարությունն այն չէ, ինչին մենք հավատում ենք, այլ մեր գործողություններն են»։

ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, խոսելով Եվրոպայում տիրող ներկայի վիճակի մասին, հղում կատարելով այս օրերին Եվրոպայի տարածքով անցկացվող ցույցերին, որոնք նախաձեռնել են երիտասարդները, նշեց․ «Ամբողջ Եվրոպայի տարածքով երիտասարդների ցույցերը մեծ ծավալների հասան՝ դպրոցների դարպասներից մինչև հրապարակներ։ Այս ամենն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում։ Երկու շաբաթ, և գործ ունենք աշխարհում ամենածավալուն և ամենաերիտասարդ ժողովրդավարության հետ»։

Ալեն Բերսեն նաև մտահոգություն հայտնեց, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արտաքին միջամտությունը լուրջ մարտահրավեր է դարձել ժողովրդավարության համար․ «Կասկած չկա՝ արտաքին միջամտությունը ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերն է։ Մենք աշխատում ենք իրավական մեխանիզմների հզորացման ուղղությամբ այս մարտահրավերներին դիմակայելու համար»։

2012-ին հիմնադրված Ժողովրդավարության համաշխարհային ֆորումն ամեն տարի հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքացիներին խորհելու ժողովրդավարության շուրջ, վերլուծելու դրա թերություններն ու սահմանափակումները և առաջադրելու նոր գաղափարներ՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։

Անհավասարության, քաղաքացիական տարածքի սահմանափակումների, ինստիտուտների նկատմամբ անվստահության, հասարակության որոշ հատվածների անտարբերության, կիբերհարձակումների, տեղեկատվության մանիպուլյացիայի և արտաքին միջամտության պայմաններում ժողովրդավարությունները բախվում են համատարած փոփոխությունների և արագ զարգացող սպառնալիքների։ Այս ցնցումների պայմաններում ժողովրդավարական անվտանգությունն այլևս չի կարող սահմանափակվել՝ միայն ի հայտ եկած ճգնաժամերին արձագանքելով։ Այն ենթադրում է նաև ապագա փոփոխությունները կանխատեսելու, ի հայտ եկող ռիսկերն ու հնարավորությունները բացահայտելու և ճգնաժամերին դիմակայելու հավաքական կարողությունն ամրապնդելու հնարավորություն։

Սա է «ժողովրդավարական հեռատեսության» (democratic foresight) հիմնական մարտահրավերը, որը Ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2026-ի առանցքային թեման է։

ՄԱԿ-ի Միավորված ազգերի կազմակերպության քաղաքականության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի կարծիքով՝ մարդիկ, սովորական քաղաքացիները պետք է զգան ժողովրդավարական կառավարման արդյունքներն իրենց ամենօրյա կյանքում և վստահ լինեն, որ իրենց ձայնն ունի նշանակություն․ «Մարդու իրավունքներ, խաղաղություն և կայուն զարգացում։ Սրանք ժողովրդավարության երեք հիմնասյուներն են, որոնք նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգում են։ Այս նպատակներին կարող ենք հասել միայն մասնակցության, թափանցիկության և օրենքի գերակայության շնորհիվ»։

Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի համոզմամբ՝ ժողովրդավարական դիմակայունության ապահովման կարևորագույն պայմաններից է ժողովրդավարական մասնակցությունն ու տեղեկատվության ներառականությունը․ «Եվրոպական համագործակցությունը հանուն ժողովրդավարական դիմակայունության պետք է կայանա խաղաղության, ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության հիման վրա»։

ԵԽ անդամ պետությունների, քաղհասարակության և ակադեմիական համայնքի հետ երկու տարի տևած խորհրդակցություններից հետո 2026-ի ֆորումը կամփոփի ԵԽ-ի «Նոր ժողովրդավարական պակտ Եվրոպայի համար» նախաձեռնության խորհրդակցական փուլը։ Դաշնագրի նպատակն է անդրադառնալ եվրոպական ժողովրդավարությունների ապագային և դրանց ժողովրդավարական անվտանգության ամրապնդման միջոցներին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment