Աթոռը որ վերցրեցիք և շպրտեցիք, չէի՞ք մտածում, որ դա կկպնի մեկին և կմահանա․ խորհրդարանում իշխող ուժը ներկայացնող փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին հարցրեց լրագրողներից մեկը՝ նկատելով, որ հոկտեմբերի 27-ից հետո, 27 տարի անց, ԱԺ դահլիճում նոր ողբերգություն կարող էր լինել։ Լսելով հարցը՝ իշխող ուժի ներկայացուցիչը զարմանք արտահայտեց՝ լրագրողի «ֆանտաստիկ» երեւակայության համար, հետո մեղադրանքի սլաքն ուղղեց լրագրողների կողմ՝ ասելով, թե չի տեսել, որ ընդդիմադիր ուժի ղեկավար Նարեկ Կարապետյանին հարցնեն՝ ինչո՞ւ կռիվ սկսեց։
Հիշեցնենք, մի քանի օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Վահագն Ալեքսանյանը աթոռը նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։
«Եկեք «Կիկոսի մահը» չսարքենք, էլի, անկեղծ: Ոչ մի բան նորմալ չի: Նորմալ չի, երբ որ հարձակվում են ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա, հեչ նորմալ չի, հա՛, ճիշտ եք ասում, բայց դե հիմա լավ, հա՛, հարգելի գործընկերներ, եղավ…
Եթե մի բանը դարձել է հազարավոր մեմերի առիթ, մարդիկ այդ ամեն ինչը վեր են ածել հումորի ու մնացածի, կարծում եմ՝ ձեր այս ողբերգական․․․ Համաձայն եմ, միանշանակ, անթույլատրելի է, չի կարելի նման բան տեղի ունենա Ազգային ժողովում, երբ որ ամբիոնից մարդ է ելույթ ունենում ու նրա վրա հարձակում է տեղի ունենում, երբ որ տեղի չի ունեցել ոչ մի տեսակի վիրավորանք, հայհոյանք կամ նմանատիպ ինչ-որ բան, բացարձակապես անթույլատրելի է։ Մյուս կողմից, հարգելի գործընկերներ, հիմա, որքան էլ որ զարմանալի կամ բան չթվա, իրականում ես տեսել եմ նաև աշխարհում մի շարք… շատ սենց այս ամեն ինչի բերումով նաև մեծ հետաքրքրություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հայաստանի հանրահռչակման տեսանկյունից շատ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, որքան էլ որ դատապարտելի է տեղի ունեցածը… եկեք այդ մանրամասները չքննարկենք»,- թեմայի վերաբերյալ տարատեսակ հարցերին կցկտուր պատասխաններ տվեց Վահագն Ալեքսանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Վահագն Ալեքսանյանի նշած մեմերից մեկը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: