Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ) ներկայացված բողոքի քննարկումը հետաձգվել է հայկական կողմի առաջարկով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը դիմել է ԵՏՀ–ի կոլեգիային` Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր (արհեստական պատնեշ) ճանաչելու համար։ Նա նշել էր` նոյեմբերի 3-ին նիստ է լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։
«Հետաձգումը ԵԱՏՄ–ում մեր նախարարի ու իմ պայմանավորվածության արդյունքն է»,– նշեց նա։
Լրագրողներից մեկը հարցրեց` ինչն է նիստը հետաձգելու պատճառը, Պապոյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին։
«Ոչ միայն չեմ ուզում ասել, այլ նաև ճիշտ չէ, որ ես դա ասեմ։ Եթե ճիշտ լիներ, որ ես դա ասեի, կասեի»,– ասաց նախարարը։