Էրդողանը հորդորել է Հորմուզով անցնող երթուղիների այլընտրանք փնտրել

Բաժանորդագրվել

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան աշխատանքներ է տանում Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ամրապնդման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը կրկին ցույց տվեցին միջազգային առևտրի համար հուսալի այլընտրանքային ուղիների ստեղծման անհրաժեշտությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին ասել է հարավկորեական «Yonhap» գործակալությանը տված հարցազրույցում։

«Այս ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կենսական նշանակություն ունի միջազգային առևտրի համար հուսալի այլընտրանքային ուղիների մշակումը», — ասել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով համաշխարհային էներգետիկ շուկաներում և միջազգային առևտրային ուղիներում տիրող իրավիճակը:

Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան աշխատանքներ է տանում Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ամրապնդման ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա հիշատակել է պատմական Հիջազի երկաթուղու վերականգնման ծրագրերը։

Էրդողանը նաև շահագրգռվածություն է հայտնել, որ հարավկորեական ընկերություններն ավելի ակտիվորեն ներգրավվեն Թուրքիայի տարածաշրջանային տրանսպորտային ու լոգիստիկ նախագծերում

«Ցանկալի է, որ կորեական ընկերություններն ավելի ակտիվ մասնակցեն Թուրքիայի տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ներդրումային նախագծերին»,– ասել է նա։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Leave a comment