Քաղաքականություն
02.11.2026 | 12:34
Նոյեմբերի լույս 2-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սամարայի մարզի վրա։ Հարձակումը հետ մղելու մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Անօդաչուների վտանգի մասին նախազգուշացում էր հայտարարել նաև Սամարայի քաղաքապետ Իվան Նոսկովը, գրում է Current time-ը։
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հրդեհ է բռնկվել «Տրանսնեֆտ» ընկերության գծային արտադրական-դիսպետչերական կայանում։
Astra-ի վերլուծությունը նույնպես ցույց է տալիս, որ ծուխ է բարձրանում «Սամարա» կայանի տարածքից։ Այն խոշոր արդյունաբերական հանգույց է, որն ապահովում է տարբեր տեսակի նավթի ընդունում, խառնուրդների պատրաստում և դրանց հետագա փոխադրում մայրուղային նավթատարներով։ Օբյեկտի տարածքը գերազանցում է 216 հեկտարը, որտեղ տեղակայված է 71 պահեստային բաք։ Այն նաև Եվրոպայի ամենամեծ պահեստային պարկն է և «Տրանսնեֆտ» համակարգի մաս։ Դրան են միանում չորս նավթային խողովակներ Արևմտյան Սիբիրից, Թաթարստանից, Օրենբուրգի մարզից և Ղազախստանից։
Կայանը 2026 թվականի հոկտեմբերին արդեն մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների։ Ըստ Astra-ի՝ հոկտեմբերի 7-ին հաստատվել էր РВС-50000 տեսակի չորս պահեստային բաքերի ոչնչացումը և խոշոր հրդեհի բռնկումը։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Վորոնեժի, Պսկովի, Օրյոլի, Լիպեցկի, Սարատովի, Սամարայի, Ռյազանի, Տամբովի և Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքների վրա խոցվել է ուկրաինական 212 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի