COP17-ում մոտ 50 որոշում է ընդունվել (PAN.am)

Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում ընդունվել է մոտ 50 որոշում, իսկ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները՝ ինչպես օրակարգային հարցերի բազմազանության, այնպես էլ բազմաթիվ երկրների համար դրանց կարևորության տեսանկյունից։ Այդ մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանն՝ ընդգծելով, որ երկար տարիներ քննարկված և զգալի ռեսուրսներ պահանջած մի շարք հարցերի շուրջ հնարավոր է եղել հասնել համաձայնության, հայտնում է Արմենպրեսը:

«Ինչպես արդեն նշեցի լիագումար նիստի ընթացքում, կարծում եմ, որ մենք թե՛ օրակարգային հարցերի բազմազանության, թե՛ բազմաթիվ երկրների և Կոնվենցիայի կողմերի համար դրանց կարևորության տեսանկյունից հասել ենք շատ ավելի մեծ արդյունքների, քան կարող էինք ակնկալել։ Խոսքը նաև այն հարցերի մասին է, որոնց հաստատմանն ու ընդունմանը երկար ժամանակ սպասում էին, որոնց ուղղությամբ բազմաթիվ փորձեր էին արվել, և որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել։ Պատկերացրեք՝ լիովին հնարավոր էր, որ այդ հարցերն այդպես էլ չհաստատվեին։ Դա միանգամայն հավանական էր»,- նշել է նա։

Մաթևոսյանի գնահատմամբ՝ համաժողովի ավարտից հետո, վերլուծելով բանակցությունների ընթացքն ու արձանագրված ձեռքբերումները, միանշանակ դժվար է բացատրել, թե հատկապես ինչ հանգամանքների շնորհիվ է հնարավոր դարձել նման արդյունքի հասնելը։ Միաժամանակ նա հատուկ երախտագիտություն է հայտնել Կոնվենցիայի կողմերին՝ բանակցությունների ընթացքում կառուցողական մոտեցում դրսևորելու, ճկունություն ցուցաբերելու և որոշումների ընդունման հրատապությունը գիտակցելու համար։

«Կարծում եմ՝ նրանք գիտակցեցին իրավիճակի հրատապությունը։ Եվ դա պայմանավորված չէր պարզապես հոգնածությամբ, թեև, իհարկե, բոլորը չափազանց հոգնած էին։ Մասնակիցները երկու շաբաթ գրեթե չէին քնել: Հատկապես վերջին մի քանի օրերին պատվիրակությունների անդամների մեծ մասն ընդհանրապես չէր քնել։ Սակայն նրանք գիտակցեցին մեկ այլ հրատապություն. եթե այս հարցերը չհաստատվեին հիմա՝ COP17-ի ընթացքում, ապա ստիպված կլինեին սպասել։ Ուստի ես իսկապես շնորհակալ եմ նրանց ցուցաբերած ճկունության, իրավիճակի հրատապությունը գիտակցելու և այս ամենը հանուն բոլորիս ու բնության անելու համար»,- ասել է համաժողովի նախագահը։

Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև Կոնվենցիայի գործադիր քարտուղարին, որի աջակցությունն ու ուղղորդումը կարևոր նշանակություն են ունեցել բազմաթիվ հարցերի կարգավորման ընթացքում։

«Ընթացակարգային հարցերը չափազանց զգայուն են։ Ամեն ինչ ամրագրված է փաստաթղթերում։ Կարծում եմ՝ գործադիր քարտուղարը շատ հաստատակամ էր ընթացակարգերի պահպանման հարցում։ Մենք հետևեցինք այդ ընթացակարգերին, և ամեն ինչ պատշաճ կերպով կազմակերպվեց ու ընթացավ»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով լիագումար նիստը շարունակելու վերաբերյալ իր որոշմանը՝ Մաթևոսյանը պարզաբանել է, որ համաժողովի նախագահի կարգավիճակով գործընթացի անխափան ընթացքի ապահովումն իր անմիջական պատասխանատվությունն է եղել։ Այդ նպատակով նա անհրաժեշտ է համարել գործի դնել իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր գործիքներն ու միջոցները՝ բանակցությունները շարունակելու և ցանկալի արդյունքի հասնելու համար։

«Ամեն անգամ, երբ քննարկում էի օրակարգային որևէ հարց, շրջվում էի դեպի մեր թիմը և ինչ-որ բան մեկնաբանում կամ քննարկում նրանց հետ։ Հնարավորության դեպքում՝ նաև զուգահեռ խորհրդակցություններ էին անցկացվում։ Այդ ամենը բացատրում է, թե ինչու էի շարունակում նիստը։ Մեր կիրառած բոլոր ռազմավարություններն ու մարտավարությունները օգտակար եղան։ Հնարավոր է՝ դրանցից մեկն էլ աշխատանքները մինչև ուշ ժամ շարունակելն էր:

Մեզ հաջողվեց ընդունել բազմաթիվ որոշումներ։ Գործադիր քարտուղարն ինձ տեղեկացրեց, որ մենք ընդունել ենք շուրջ 50 օրակարգային հարցի վերաբերյալ որոշում։ Սա հիանալի արդյունք է»,- ընդգծել է նա։

Խոսելով կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից ընդունված որոշումների կարևորության մասին՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտել է, որ համաժողովի օրակարգում ներառված բոլոր թեմաներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են կենսաբազմազանության պահպանության հետ։ Նրա ներկայացմամբ՝ անգամ այն հարցերը, որոնք առաջին հայացքից բնապահպանական ուղղակի նշանակություն չունեն, նպաստում են ոլորտում անհրաժեշտ գործընթացների կազմակերպմանն ու հետագա աշխատանքների իրականացմանը։

«Նույնիսկ եթե քննարկում ենք բյուջետային հարցերը, որոնք, հավանաբար, հանրության համար ամենաքիչ հետաքրքրություն ներկայացնող թեմաներից են, միևնույն է, դրանք նույնպես ծառայում են կենսաբազմազանության պահպանության նպատակին։ Դրանք անհրաժեշտ են համապատասխան կառույցների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար, որպեսզի բոլոր գործընթացները պատշաճ կերպով կազմակերպվեն և պատրաստ լինեն իրականացման, իսկ որոշում կայացնողները կարողանան առաջ շարժվել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ»,- նշել է նա։

Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է, որ COP17-ի ընթացքում հաստատված բոլոր որոշումները, անկախ դրանց բովանդակությունից և կարգավորման ոլորտից, առնչվում են կենսաբազմազանության պահպանությանը։

Leave a comment