Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վահագն Ալեքսանյանը քացիներ էր հասցրել ընդդիմադիր պատգամավորներից մեկին` Վահե Հակոբյանին, բայց քանի որ այդ ամենը չունեցավ որեւէ իրավական հետեւանք, հիմա էլ աթոռ է նետում մարդկանց ուղղությամբ: Երեւանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի եւ իրավապահների անգործության մասին, ասաց. «Ազգային ժողովում վերջին տարիներին տարբեր նման դրվագներ եղան, սակայն, ինչպես տեսանք, դրանցից եւ ոչ մեկը քրեաիրավական գնահատականի այդպես էլ չարժանացավ: Հերթական անգամ տեղի ունեցավ մի պրոցես, որն ակնհայտ հանցակազմի տարրեր ուներ, տեղի ունեցան կոնկրետ գործողություններ, սակայն վստահ եմ, որ այս ամենը եւս քրեաիրավական գնահատականի չի արժանանալու, ինչու՝ որովհետեւ գնահատականին արժանացնողներն այս պահին ծառայում են իշխանությանը, հետեւաբար՝ չեն կարող անել մի բան, որը հակասում է իշխանության շահերին: Սա պարզ տրամաբանություն է, այստեղ չկա օրենք: Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների գործողություններին, ապա մենք պետք է մի բան հասկանանք, որ այս կռիվները նրանց համար կենաց-մահու են: Նրանք կռիվ են տալիս մինչհեղափոխական սովածության եւ պաշտոնի ուժով հարստության միջեւ, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե մանդատ չունենան, իրենց տեղը լավագույն դեպքում իրենց բնակարանի բազմոցն է լինելու, իսկ ոմանց պարագայում նույնիսկ բազմոցն էլ չէ` բանտը: Հետեւաբար, ընդդիմադիր պատգամավորները պետք է այս հանգամանքը հաշվի առնեն:
Նման կռիվների ժամանակ ակտիվ են հատկապես այն ՔՊ-ականները, ովքեր կյանքում առավել անպիտան են, ո՛չ գրագետ են, ո՛չ պրոֆեսիոնալ են, ո՛չ ինչ-որ ոլորտում մասնագետ են, ոչ մեկն են, եթե իրենց մանդատն ու կուտակած հարստությունը վերցնես ձեռքներից, սոված են մնալու այդ մարդիկ, ոչինչ չունեն այս կյանքում, մանդատից բացի: Մանդատն իրենց կյանքն է: Նրանց նպատակները կապ չունեն մեզ նման մարդկանց նպատակների հետ: Մի գոնչո դեմքով պատգամավոր կա, որի մասին ես առաջին անգամ երեկ իմացա` Նարեկ Բաբայան: Կենսագրությունը կարդում եմ․ այս տղան 20-քանի տարեկանում նոր բարձրագույն կրթություն է ստացել, դրանից հետո ոչնչով չի զբաղվել եւ անմիջապես դարձել է պատգամավոր: Պարզ է, որ այս կարգի մարդիկ պետք է իրենց նման ձեւով դրսեւորեն, քանի որ նորմալ պետության պարագայում այդ տեսակը չի կարող պատգամավոր լինել: Հազիվ շանս է ստացել մարդը: Վերադառնալով իրավապահների թեմային, պետք է ասեմ, որ նրանք՝ բոլորը, քաղաքականացված ֆիգուրներ են, շարժվում են երկրի ղեկավարի ցուցումներով: Այս մարդիկ մի բան կարող են անել միայն՝ դիմում գրել եւ հեռանալ: Մեր երկրում չկա դասական իրավաբանություն, կա մեկ անձի հրահանգ, եւ կան կատարողներ: Նիկոլ Փաշինյանի հետ անհնար է աշխատել, նա ղեկավարին հարիր ոչինչ չունի, ո՛չ նրա կեցվածքն է ղեկավարին հարիր, ո՛չ արտաքինը: Ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ այդ մարդը դրսում Հայաստանն է ներկայացնում»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: