Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.10.2026 | 19:00

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որին առաջին անգամ մասնակցել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Պատգամավոր Հասմիկ Ենգոյանը նիստի ավարտից հետո Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ քննարկվել է դատական իշխանությանը նվիրված գլուխը։

«Դրա հետ կապված, որպես սահմանադրագետ, արել եմ մինիմում առաջարկությունները: Այդ հատվածի նախագիծը խմբակցությանը ներկայացնելուց հետո մենք կներկայացնենք արդեն մեր հատուկ գրավոր կարծիքը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ենգոյանի խոսքով՝ նիստում բարձրացվել է նաև Սահմանադրության նախագծի վերջնական տեքստի բացակայության հարցը։ Հանձնաժողովի անդամները պահանջել են ներկայացնել տարիների աշխատանքի, առաջարկությունների և դիտողությունների հիման վրա մշակված փաստաթուղթը։

«Հանձնաժողովը ձեռքի տակ չունի այն վերջնական, գոնե աշխատանքի արդյունքում ձևավորված նախագիծը, որը ծնվել է այս հանձնաժողովի տարիների ընթացքում եղած աշխատանքի հետևանքով։ Եվ պահանջվեց, որպեսզի հանձնաժողովին ներկայացվի, թե վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ի վերջո ինչ տեքստ է մշակվել»,- ասաց նա։

Պատգամավորը նաև նշեց, որ դեռևս հայտնի չէ հաջորդ նիստի անցկացման օրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment