Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց 20-ամյա ամերիկացի Բո Բասեթի հետ ու պարտվեց 1:9 հաշվով:

27-ամյա Թևանյանը գոտեմարտում էր վիրակապված ձեռքով, քանի որ ճկույթի կոտրվածք էր ստացել կիսաեզրափակիչի գոտեմարտում:

Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթել Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադին:

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցել էր Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ ու ծանր պայքարում հաղթել 2:1 հաշվով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հոկետմեբրի 30-ին պայքարի մեջ էին մտել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ), որոնք պարտություն են կրել 1/8 եզրափակիչում ու դուրս մնացել պայքարից։

Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) կմեկնարկեն հոկտեմբերի 31-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment