Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում

Հոկտեմբերի 28-ին հրապարակված վերլուծությունում լրագրող Ֆելիքս Զասմանսհաուզենը Թամամյանին ներկայացնում է որպես բժշկի և առողջապահական համակարգերի կազմակերպչի, որի թեկնածությունը Բոտսվանայի կողմից առաջադրելը դուրս է գալիս ԱՀԿ ընտրություններին բնորոշ տարածաշրջանային շրջանակներից։

Հոկտեմբերի 28-ին հրապարակված վերլուծությունում լրագրող Ֆելիքս Զասմանսհաուզենը Թամամյանին ներկայացնում է որպես բժշկի և առողջապահական համակարգերի կազմակերպչի, որի թեկնածությունը Բոտսվանայի կողմից առաջադրելը դուրս է գալիս ԱՀԿ ընտրություններին բնորոշ տարածաշրջանային շրջանակներից։

Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանում մանկական ուռուցքաբանության զարգացման նրա փորձին։ Պարբերականը նշում է, որ 31 տարեկանում Թամամյանը ղեկավարել է մանկական քաղցկեղի բուժման ծառայությունների միավորման գործընթացը՝ նպաստելով միասնական մասնագիտացված կենտրոնի ձևավորմանը, բուժման ստանդարտների ներդրմանը և մասնագետների պատրաստման համակարգի զարգացմանը։ Հոդվածում նշվում է նաև, որ մանկական քաղցկեղի բուժման ցուցանիշները հասել են մոտ 80 տոկոսի։

Վերլուծության առանցքում Թամամյանի «WHO for U» հայեցակարգն է, որի համաձայն՝ ԱՀԿ գործունեության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե վարչարարական գործընթացներով, այլ մարդկանց առողջության վրա ունեցած իրական ազդեցությամբ։

Նրա առաջարկների թվում են ԱՀԿ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, կադրերի ընտրության և ընդունման գործընթացի արագացումը, երիտասարդ մասնագետների ներգրավումը, Գլոբալ հարավում դեղագործական արտադրության զարգացումը և կազմակերպության նկատմամբ միջազգային վստահության վերականգնումը։

«Առողջապահությունը տարածաշրջանային բլոկ չէ», — նշում է Թամամյանը՝ բացատրելով, որ Բոտսվանայի կողմից իր թեկնածության առաջադրումը հիմնված է առողջապահական ընդհանուր առաջնահերթությունների վրա։

Անդրադառնալով առաջնորդության իր մոտեցմանը՝ նա ընդգծում է. «Ես երբեք չեմ փորձել լինել սենյակի ամենախելացի մարդը։ Իմ առաքելությունը միշտ եղել է ինձ շրջապատել ամենախելացի մարդկանցով, նրանց աջակցել, խրախուսել՝ պահպանելով հաշվետվողականությունը»։

Health Policy Watch-ի հոդվածին անդրադարձել է նաև Կիրան Բլայը՝ առանձնացնելով Թամամյանի բարեփոխումների առաջարկների գործնական բնույթը։

«Գևորգ Թամամյանն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում առանձնացել է իր անսովոր անկեղծությամբ։ Նա խոսում է բարեփոխումների իրական մեխանիզմների մասին՝ ինչպես է ԱՀԿ-ն աշխատում այսօր, ինչպես պետք է աշխատի և կոնկրետ ինչ է անհրաժեշտ փոխել», — գրել է Բլայը։

Նրա խոսքով՝ Գլոբալ հյուսիսի և հարավի անդամ պետությունների ազդեցիկ ներկայացուցիչներից դրական արձագանքներ է լսել Թամամյանի գաղափարների և լսելու պատրաստակամության վերաբերյալ։

Բլայը հատկապես կարևորել է ԱՀԿ ներսում ոչ պատշաճ վարքագծի և սեռական ոտնձգությունների դեմ պայքարի, աշխատակիցների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման և անկախ լրատվամիջոցների նկատմամբ կազմակերպության բաց լինելու վերաբերյալ Թամամյանի առաջարկները։

Կիրան Բլայի հրապարակումը՝ https://lnkd.in/p/dbZQi9BS ։

Leave a comment