ՀՀ նախարար Դավիթ Թադևոսյանը և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում ու թվային լուծումների ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Թադևոսյանը շեշտել է, որ երկու պետությունների միջև տեխնոլոգիական համագործակցությունը զարգացնելու զգալի հնարավորություններ կան։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում այդ գործընկերությունը կընդլայնվի՝ դառնալով առավել բազմակողմանի և արդյունքահեն։
Շիրղոլամին իր հերթին ներկայացրել է իր երկրի տեխնոլոգիական կարողություններն ու ձեռքբերումները։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նանոտեխնոլոգիաների բնագավառում Իրանի հաջողություններին՝ ընդգծելով միջազգային մակարդակում այդ ուղղությամբ երկրի առաջատար դիրքերը։
Դիվանագետը նաև պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների սահմանում աջակցելու հայ-իրանական տեխնոլոգիական գործընկերության շարունակական զարգացմանը։ Նա կարևորել է համագործակցության դրական ընթացքի պահպանումը և առկա կապերի հետագա ամրապնդումը։
Կողմերը դիտարկել են նաև նշված ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու և նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների տեխնոլոգիական ներուժի արդյունավետ օգտագործումը։
Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների ու նորարարական կազմակերպությունների միջև անմիջական կապերի զարգացմանը։ Ընդգծվել է մասնագիտական փորձի փոխանակման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման և համատեղ ծրագրերի խթանման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վավերացման հարցը։
Մասնակիցները կարևորել են այդ փաստաթղթի նշանակությունը՝ նշելով, որ դրա վավերացումը հնարավորություն կտա ամրապնդել հետագա համագործակցության հիմքերը և ընդլայնել համատեղ տեխնոլոգիական ծրագրերի իրականացման հեռանկարները։
Հանդիպման ավարտին Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելելու Իրան։ Նախատեսվող այցի նպատակն է տեղում ծանոթանալ իրանական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական քայլերն ու հնարավոր նախաձեռնությունները։