Բելառուսն արգելել է հայկական ու վրացական որոշ կոնյակների վաճառքը

Բելառուսում արգելվել է երկու տեսակի «կոնյակի»՝ հայկական յոթամյա «ԱՐԱՄԵ»-ի և վրացական ութամյա «Պոգրեբ Շիո»-ի վաճառքը․ այս մասին հայտնել է հանրապետության Ստանդարտացման պետական ​​կոմիտեի («Գոսստանդարտ») պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Փորձագիտական ​​ստուգումները ցույց են տվել, որ հայկական և վրացական այս «կոնյակները», որոնք արտադրողների կողմից ներկայացվում են որպես պրեմիում դասի արտադրանք, չեն համապատասխանում որակի ստանդարտներին և, ըստ էության, նույնիսկ չեն կարող կոչվել կոնյակ։

Երկու արտադրանքն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգությանը և մակնշմանը վերաբերող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև այն ընդհանուր տեխնիկական պահանջներին, որոնց պետք է բավարարի կոնյակը։ «Արտադրողի կողմից սպառողական փաթեթավորման պիտակի վրա նշված անվանումը սննդամթերքի ոչ ճշգրիտ նկարագրություն է տալիս, ինչը հնարավորություն չի տալիս այն ճիշտ նույնականացնել՝ ըստ նշված անվանման»,- նշել են Ստանդարտացման պետական ​​կոմիտեում։

Հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակի դեպքում «պարզվել է, որ դաբաղանյութերի (տանինների) զանգվածային կոնցենտրացիան կազմում է 0,16 ± 0,01 գ/դմ³, ինչը զգալիորեն ցածր է պահանջվող նվազագույն 0,3 գ/դմ³ ցուցանիշից»։

Փորձագետները եզրակացրել են, որ թեև արտադրանքը ստեղծվել է ընդօրինակելու որոշակի տեսակի խմիչքի արտաքին տեսքն ու որոշակի բնութագրերը, այն իրականում չի կարող դասակարգվել որպես այն արտադրանքը, որի անվան տակ ներկայացվում է։ Նմանատիպ խնդիրներ են հայտնաբերվել նաև վրացական ութամյա «Պոգրեբ Շիո» բրենդիի (արտադրող՝ «Կվարելսկի Պոգրեբ» ՍՊԸ, Վրաստանի Հանրապետություն, Չիկաանի գյու) պարագայում։ Այս խմիչքում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան նույնպես ցածր է եղել սահմանված նորմայից՝ կազմելով 0,16 ± 0,01 գ/դմ³։

Արգելվում է կոնյակի այս երկու տեսակների ներմուծումը Բելառուսի տարածք կամ դրանց վաճառքն այդ տարածքում սկսած 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։

Leave a comment