Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը, որը նպատակ ունի բարելավել սպասարկման որակն ու անվտանգությունը, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։

Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել անձը հաստատող փաստաթղթերի պաշտպանվածության աստիճանը և ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական ու սպասարկման ենթակառուցվածքներ։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նոր համակարգի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սպասարկման գրասենյակներից, իսկ փաստաթղթերի տրամադրման գործընթացը կդառնա ավելի հարմարավետ և թափանցիկ։

Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության բարձրացումը Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության կարևոր ուղղություններից է։

Հոկտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «պասպորտ-սեղանները» փակվում են, և մարդկանց՝ անձնագիր ստանալու տեղը փոխվում է։ Նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։

Իսկ ՆԳ նախարարն ասել էր, որ Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի:

«Այսինքն՝ հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա»,-ասել է նա:

ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:

Leave a comment