COP17-ում ներկայացվել է ապօրինի օտարված հողերի վերադարձի փորձը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանում մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պանելային քննարկմանը։ Գլխավոր դատախազը ներկայացրել է բնապահպանական արդարադատության ապահովման ուղղությամբ ՀՀ դատախազության փորձը, անդրադարձել ապօրինի օտարված բնապահպանական հողերի վերադարձին, օրենսդրական բացերի վերացմանը և վայրի բնության պաշտպանությանը։

Ինչու է դա կարևոր. «Բնության հատուկ պահպանվող, այդ թվում՝ կանաչ տարածքները, չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականություն, դրանք Հայաստանի ներկա ու ապագա սերունդներինն են»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։ Դատախազական ներգործության արդյունքում պետությանն ու համայնքներին են վերադարձվել հարյուրավոր միլիոն դոլարների գնահատվող բնապահպանական հողատարածքներ, իսկ Հայաստանի դատախազությունը դիտորդի կարգավիճակով միացել է Շրջակա միջավայրի դատախազների եվրոպական ցանցին (ENPE)։

Պետությանն ու համայնքներին վերադարձված հողատարածքները.

  • Երևան (Հեռուստաաշտարակի տարածք). Վերականգնվել է պետության սեփականության իրավունքը 7.5 հեկտար մակերեսով 6 հողամասերի նկատմամբ (արժեքը՝ առնվազն $9.215 մլն)։

  • «Դիլիջան ազգային պարկ». Համայնքին է վերադարձվել 67 հեկտար բնապահպանական հողատարածք (արժեքը՝ առնվազն $12.436 մլն)։

  • Արարատ և Վայոց ձոր. Վերադարձվել է շուրջ 5330 հեկտար բնապահպանական նշանակության հող (արժեքը՝ առնվազն $167.347 մլն)։

  • Սևանա լճի ափամերձ գոտի. 2025թ. դեկտեմբերից մաքրվել է 12 հեկտար ռեկրեացիոն տարածք, պետությանն ու «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել 41 հողատարածք (արժեքը՝ առնվազն $1.696 մլն)։

Օրենսդրական նախաձեռնություններ և վայրի բնության պաշտպանություն.

  • Դեբեդի աղետի դասերը. 2024թ. մայիսի ջրհեղեղից հետո Դատախազությունն ուսումնասիրել էր Դեբեդ և Աղստև գետերի ափամերձ տարածքները և Կառավարությանը ներկայացրել առաջարկներ՝ ջրավազանային կառավարման պլանն ու ջրային ֆոնդի հողերի ցանկը հաստատելու համար։

  • Ազգային պարկերի պաշտպանություն. Ներկայացվել են առաջարկներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում հողերի ոչ նպատակային օգտագործումը կանխելու համար։

  • «Կարմիր գրքում» գրանցված արջերի փրկությունը. Դատախազական ներգործությամբ 2025թ. մարտի 19-ին Երևանի բազմաբնակարան շենքի բակում ապօրինի պահվող 3 գորշ արջերը տեղափոխվել են Ուրցաձորի հատուկ կենտրոն՝ պատշաճ խնամքի։

Leave a comment