Քաղաքականություն
30.10.2026 | 10:45
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի երեկոյից Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ուկրաինական 862 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը խոցվել է հեռավոր մատույցներում, գրում է Meduza-ն։
Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 170 անօդաչու թռչող սարք։ Սոբյանինը հարձակման հետևանքների վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները և Astra-ն հայտնում են, որ անօդաչուները հարվածել են Սամարայի մարզում գտնվող Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին։ Տարածաշրջանի իշխանությունները, սակայն, այս տեղեկությունը չեն հաստատել։ Սամարայի մարզի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հոկտեմբերի 30-ի առավոտյան հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվում են տարածաշրջանի վրա՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը նախկինում ևս բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, ինչից հետո ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։
Գործարանը ներառված է «Ռոսնեֆտ» ընկերության կազմում։ Այն արտադրում է նավթամթերքի մի քանի տասնյակ տեսակ, իսկ տարեկան արտադրական հզորությունը կազմում է շուրջ 8,8 միլիոն տոննա նավթ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ հոկտեմբերի 28-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 29-ի առավոտ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 613 անօդաչու թռչող սարք, որոնցից 231-ը խոցվել է Ռուսաստանի մայրաքաղաքի մատույցներում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի