«Ռուսաստան-Աֆրիկա» ֆորումի շրջանակներում անցկացված «Ռուսաստանի և Աֆրիկայի միջև տնտեսական համագործակցությունը՝ դեպի արդարացի գործընկերություն տանող ուղի» խորագրով նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիեւը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և աֆրիկյան երկրների միջև փոխգործակցության առաջնահերթությունները։
ԵՏՀ նախարարը նշել է, որ խորհրդի կողմից ընդունված՝ 2025–2027 թթ․ համար նախատեսված առևտրատնտեսական համագործակցության խթանման համապարփակ ծրագիրը նվիրված է աֆրիկյան գործընկերների հետ երկխոսության զարգացմանը։ Փաստաթուղթը սահմանում է երրորդ երկրների, տարածաշրջանային միավորումների և զարգացման ինստիտուտների հետ համագործակցության հիմնական ուղղությունները։
Ծրագրում որպես առաջնահերթ ոլորտներ առանձնացված են արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական համալիրը, ենթակառուցվածքներն ու տրանսպորտը, տեխնիկական կարգավորումը, մաքսային վարչարարությունը, մրցակցությունը և պետական գնումները։
Դանիյար Իմանալիեւն ընդգծել է ԵԱՏՄ-ի և աֆրիկյան ինտեգրացիոն կազմակերպությունների միջև փորձի փոխանակման կարևորությունը՝ հատկապես կոոպերացիոն նախագծերին աջակցելու հարցում։ «ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ մշակվել է ծրագրային գործիքակազմ, որը թույլ է տալիս քանակական գնահատական տալ ինտեգրման արդյունքներին, մասնավորապես՝ գնահատել ապրանքների միասնական շուկայի ազդեցությունը»,- նշել է ԵՏՀ նախարարը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կիրառում է յուրահատուկ մեթոդաբանություն՝ գնահատելու համար, թե ինչպես են ինտեգրացիոն գործընթացներն ազդում անդամ պետությունների տնտեսությունների վրա․ «Մենք պատրաստ ենք կիսվել այդ փորձով Աֆրիկայում մեր գործընկերների հետ։ ԵԱՏՄ-ն պատրաստ է աֆրիկյան երկրներին առաջարկել ոչ միայն ապրանքներ և ծառայություններ, այլև ինտեգրման՝ արդեն իսկ փորձարկված պրակտիկաներ»։