Կարապետյան․ Ժողորդի վարկերի տոկոսները չեն իջնում, գոնե չեն մոտենում ԿԲ սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Սևակ Միքայելյանի հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է քաղաքացիների վարկային պարտավորություններին և դրանց սպասարկման բարձր տոկոսադրույքներին։

«Ինչպես կարող եք հիմնավորել այն քաղաքականությունը, որ մենք այսօր ունենք իրավիճակ, երբ վերաֆինանսավորման տոկոսի քաղաքականությունը չի ազդում, քաղաքացիների վերցրած վարկերի տոկոսների նվազման վրա։ Ժողորդի վարկերի տոկոսները չեն իջնում, գոնե չի մոտենում ԿԲ սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքին»,- հարցրել է Նարեկ Կարապետյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նաև հետաքրքրվել է, թե Կենտրոնական բանկն ինչպիսի աջակցության կամ կարգավորման մեխանիզմներ կարող է առաջարկել այն ընտանիքներին, որոնց վարկային բեռը շատ ավելի մեծ է, քան կարող են փակել և ինչ հնարավորություն պետք է տրվի, որպեսզի նրանք կարողանան իրենց ժամկետանց վարկերի հարցը լուծեն։

Սևակ Միքայելյանն ընդունել է, որ սպառողական վարկավորման ոլորտում արագացված աճ է արձանագրվել։ Նրա ներկայացրած տվյալներով՝ տարեկան աճի ցուցանիշն առնվազն 20 տոկոս է, իսկ սպառողական վարկերի ընդհանուր ծավալն արդեն գերազանցել է երկու տրիլիոն դրամը։

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն պարզաբանել է, որ նման իրավիճակներում Կենտրոնական բանկի հիմնական գործիքը հակացիկլիկ բուֆերի կիրառումն է։ Ընթացիկ տարվա ընթացքում այդ ցուցանիշն արդեն երկու անգամ բարձրացվել է, իսկ հաջորդ տարվա հուլիսից նախատեսվում է այն հասցնել 2․25 տոկոսի։

Միքայելյանի բացատրությամբ՝ Կենտրոնական բանկն այդ միջոցին դիմել է համախառն ներքին արդյունքի և վարկերի հարաբերակցության աճը գնահատելուց հետո։ Նա վարկավորման ծավալների զգալի ավելացումը պայմանավորել է բնակչության կողմից վարկերի նկատմամբ պահանջարկի բարձրացմամբ։

Անդրադառնալով վարկերի բարձր տոկոսադրույքներին՝ թեկնածուն նշել է, որ երբ որևէ ապրանքի կամ ծառայության նկատմամբ պահանջարկն արագորեն մեծանում է, դժվար է բացառել նաև դրա արժեքի բարձրացումը։

Միքայելյանը հավաստիացրել է, որ ԿԲ խորհրդի անդամ ընտրվելու դեպքում ակտիվ նախաձեռնողականություն կցուցաբերի վարկավորման ոլորտում առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Մասնավորապես, նա կարևորել է պատասխանատու վարկատուի ինստիտուտի հնարավորությունների և Կենտրոնական բանկի ենթաօրենսդրական կարգավորումների կիրառումը՝ տոկոսադրույքների աճը սահմանափակելու նպատակով։

Նարեկ Կարապետյանը հարցրել է․ «Ի՞նչ եք անելու, որպեսզի վարկերի ծանրությունից հասարակության մոտ նոր ճգնաժամ չսկսվի։ Այդ խնդիրն ունենք, քանի որ արտադրական հզորությունները չեն ավելանում բայց վարկերը շեշտակի աճ են գրանցում»։

Ի պատասխան՝ Սևակ Միքայելյանը հայտարարել է, որ ընտրվելու պարագայում պատրաստ է ակտիվորեն զբաղվել այդ խնդրով։ Որպես հնարավոր կարգավորող միջոց՝ նա մատնանշել է քաղաքացիների եկամուտների և պարտքային պարտավորությունների հարաբերակցության նկատմամբ սահմանափակումներ սահմանելու տարբերակը։

Միաժամանակ թեկնածուն ընդգծել է, որ նման սահմանափակումների կիրառումը կարող է ազդեցություն ունենալ ազատ շուկայական հարաբերությունների վրա, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան որոշումներ ընդունելիս։

Այդուհանդերձ, Միքայելյանը վերահաստատել է, որ բնակչության վարկային բեռի շարունակական և զգալի աճը կարգավորող միջամտության անհրաժեշտություն է առաջացրել։

Leave a comment