Աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը գնահատելով Ռոտերդամում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նվաճած ոսկե մեդալը՝ «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց. «Նախ շատ ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ աշխարհի չեմպիոն դառնալ։ Ճիշտ է, Եվրոպայի առաջնությունից հետո շատ դժվար էր, որովհետեւ առաջին ցատկը շատ լավ էի կատարել եւ երկրորդ ցատկում անգամ եթե մի մեծ քայլ էլ անեի, հաղթող կդառնայի։ Բայց սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում։ Փառք Աստծո, աշխարհի այս առաջնությունում կարողացա հավաքվել եւ անել։ Շնորհակալ եմ մարզիչներին, թիմակից տղաներին։
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիս
Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ հասնեն այս արդյունքին։ Այս ամենն իրոք թիմային աշխատանք է։ Ես բոլորիս մեդալների համար ուրախ եմ։ Բոլորս էլ շատ լավ մասնակցեցինք ու յուրօրինակ ռեկորդ սահմանեցինք մեր համար»։
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիս
Հարցին, թե առաջին անգամ չեմպիոն դառնա՞լն է դժվար, թե չեմպիոնությունը պահպանելը, Արթուրը պատասխանեց. «Երկուսն էլ դժվար է։ Առաջին անգամ դա երազանք է լինում, նպատակդ է լինում, որ դառնաս աշխարհի չեմպիոն։ Ու երբ դառնում ես, դա արդեն ոչ թե երազանք է, այլ տիտղոսը պահելու ցանկություն։ Ու դժվարության առումով տարբերություն չկա։ Ուղղակի, զգացողություններն են մի փոքր փոխվում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: