Mercedes-Benz-ը նվազեցրել է 2026 թվականի շահութաբերության կանխատեսումը

Գերմանական ավտոարդյունաբերությունը լուրջ դժվարությունների առաջ է կանգնել․ Mercedes-Benz-ը կտրուկ նվազեցրել է ֆինանսական կանխատեսումները, իսկ Չինաստանի շուկայում առկա խնդիրների պատճառով ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է։

Mercedes-Benz-ը վատթարացրել է 2026 թվականի շահույթի կանխատեսումը։ Պատճառներն են Չինաստանի շուկայի թուլացումը և գործառնական ծախսերի աճը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ավտոարտադրողի հայտարարությունը։

Արտադրողի նախնական տվյալների համաձայն՝ մարդատար ավտոմեքենաների ստորաբաժանման ճշգրտված շահութաբերության մարժան այժմ կանխատեսվում է 2-3%՝ նախկինում ակնկալվող 3-5%-ի փոխարեն։ Այս ցուցանիշն արտացոլում է ընկերության հասույթում շահույթի մասնաբաժինը։

Մինչև տոկոսների և հարկերի վճարումը շահույթը (EBIT) կանխատեսվում է 2025 թվականի մակարդակին։ Նախկինում ընկերության ղեկավարությունն ակնկալում էր դրա զգալի աճ՝ պայմանավորված նախորդ տարի աշխատակազմի կրճատման վրա կատարված ծախսերի բացակայությամբ։ Mercedes-Benz-ը չորրորդ եռամսյակում սպասում է ծախսերի աճի, այդ թվում՝ նյութերի ձեռքբերման համար։

Վատթարացել է նաև արդյունաբերական հատվածի ազատ դրամական հոսքի կանխատեսումը։ Այժմ ակնկալվում է, որ ցուցանիշը «զգալիորեն ցածր» կլինի նախորդ տարվա մակարդակից, մինչդեռ նախկինում կանխատեսվում էր միայն «աննշան» անկում։ Շուկան արձագանքել է հրապարակմանը․ առևտրային նստաշրջանի ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է մոտ 4%-ով։

Կոնցեռնը նաև ժամկետից շուտ հրապարակել է երրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշների մի մասը։ Նախնական տվյալների համաձայն՝ ավտոմոբիլային ստորաբաժանման ազատ դրամական ներհոսքը կազմել է 172 մլն եվրո՝ զիջելով ֆինանսական շուկայի վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսմանը՝ 422 մլն եվրոյին։

Հաշվետու ժամանակահատվածում EBIT շահույթը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1.77 մլրդ եվրոյի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 750 մլն եվրոյի դիմաց։ 2025 թվականին ընկերության արդյունքների վրա բացասաբար էին ազդել վերակազմավորման և դատական վեճերի հետ կապված խոշոր միանվագ ծախսերը։

Միևնույն ժամանակ, մարդատար ավտոմեքենաների ստորաբաժանման ճշգրտված գործառնական շահութաբերության մարժան նվազել է՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 4.8%-ից հասնելով 2.5%-ի։

Առևտրային ավտոմեքենաների և մինիվենների ստորաբաժանումն ավելի կայուն արդյունքներ է գրանցել՝ գործառնական շահութաբերությունը պահպանելով 9.4%-ի մակարդակում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment