ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մշակված ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում: Նախաձեռնությանն աջակցել է 62 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել, իսկ 34 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք կին պատգամավորներ են։ Նրանցից Զարուհի Բաթոյանը խորհրդարանի նիստում ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների հիմնական դրույթներն ու նախատեսվող նոր կարգավորումները, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։
Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։
Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։