Յոթ տարվա սպասում՝ ապարդյուն․ Tesla-ի հազարավոր հաճախորդներ մնացել են առանց Cybertruck-ի

Ժամանակին Cybertruck-ի հետ մեծ հույսեր էին կապում՝ այն դիտարկելով որպես պիկապների աշխարհում հեղափոխություն։

Այսօր այս էլեկտրական հսկան ավելի ու ավելի է հիշեցնում մի նախագիծ, որը հայտնվել է բարձրագոչ խոստումների և շուկայի դաժան իրականության միջև փակուղում․ Tesla-ն չեղարկել է դրա շուկա դուրս գալու ծրագրերը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Սկզբում Tesla-ն նախատեսում էր տարեկան արտադրել շուրջ 250 000 Cybertruck։ Սակայն այդ նպատակն այդպես էլ չիրականացվեց։ Իրավիճակը մասամբ կարելի է բացատրել ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկի թուլացմամբ, որն ավելի խորացավ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2025 թվականի սեպտեմբերին չեղարկեց էլեկտրամոբիլների համար նախատեսված 7 500 դոլարի չափով դաշնային հարկային արտոնությունը։

Սակայն Cybertruck-ի խնդիրները չեն սահմանափակվում ամերիկյան շուկայով։ Tesla-ն հրաժարվել է պիկապը Ավստրալիա և Նոր Զելանդիա մատակարարելու ծրագրերից։ Դա նշանակում է, որ աջ ղեկով տարբերակն առաջիկա տեսանելի ապագայում չի հայտնվի։ Սա զգալիորեն սահմանափակում է մոդելի աշխարհագրական տարածման հնարավորությունները՝ այն դուրս թողնելով մի շարք պոտենցիալ կարևոր շուկաներից։

Ամրագրում կատարած հաճախորդներին ուղղված նամակում Tesla-ն հայտնել է, որ Cybertruck-ի՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շուկաների համար նախատեսված արտադրության ծրագրերը մանրակրկիտ քննարկումից հետո չեղարկվել են, իսկ համապատասխան պատվերները կվերացվեն։

Հատկանշական է, որ այս որոշումն ընդունվել է ավանդավճարների վճարումից գրեթե յոթ տարի անց։ 2019 թվականին Cybertruck-ը էլեկտրամոբիլների շուկայի ապագան էր թվում․ ֆուտուրիստական դիզայնը, չժանգոտվող պողպատը և մատչելի էլեկտրական պիկապի խոստումները մոդելի համար ապահովեցին ավելի քան մեկ միլիոն նախնական պատվեր։

Այսօր իրավիճակն այլ է։ Tesla-ն բազմիցս փոխել է մոդելի գները՝ փորձելով հավասարակշռություն գտնել ինքնարժեքի, պահանջարկի և շահութաբերության միջև։

Միաժամանակ ընկերության առաջնահերթությունները տեղափոխվում են դեպի Cybercab-ը և մարդանման Optimus ռոբոտը, որի արտադրությունը նախատեսվում է կազմակերպել Ֆրեմոնտի գործարանում։ Այդ ձեռնարկությունում արտադրական հզորություններ կազատվեն Model S և Model X մոդելների արտադրության դադարեցումից հետո։

Cox Automotive-ի գնահատականներով՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում Tesla-ն ԱՄՆ-ում վաճառել է 4 323 Cybertruck։ Մոդելի համար, որը ժամանակին ունեցել էր ավելի քան մեկ միլիոն նախնական պատվեր, այս ցուցանիշը չափազանց համեստ է։

Այնուամենայնիվ, Cybertruck-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ում ամենավաճառվող էլեկտրական պիկապը՝ առաջ անցնելով Rivian R1T-ից։ Սակայն նույն ժամանակահատվածում գրեթե 100 000 օրինակ վաճառված Model Y-ի ֆոնին տարբերությունը հատկապես խոսուն է։

Cybertruck-ի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Tesla-ն դեռ չի հայտարարել ո՛չ Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու, ո՛չ էլ դրա իրավահաջորդ մոդելը մշակելու ծրագրերի մասին։ Այնուամենայնիվ, վերջին ուշագրավ ազդակներից մեկը հնչել է 2026 թվականի հունվարի 28-ին, երբ Իլոն Մասկը քննարկել է Cybertruck-ի արտադրական գիծը քաղաքային բեռնափոխադրումների համար նախատեսված լիովին ինքնավար տրանսպորտային միջոցների արտադրության վերածելու հնարավորությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment