ԱՄՆ-ն նախազգուշացրել է Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների պատրաստվել Իրանի դեմ ռազմական գործողության․ WSJ

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների պատրաստվել հնարավոր կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողության, որը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետ․ այս մասին հայտնում է «The Wall Street Journal» պարբերականը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներ։

Ըստ թերթի՝ այդ նախազգուշացումները փոխանցվել են դիվանագիտական ​​և ռազմական խողովակներով։ Դրանք վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, հնարավոր է, նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների նոր փուլի։ WSJ-ն նշել է, որ նման գործողությունը կարող է հանգեցնել հակամարտության զգալի սրման՝ նպատակ ունենալով թուլացնել Թեհրանի դիրքերը և ստիպել իրանական իշխանություններին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Բացի այդ, հղում անելով թռիչքների հետևման տվյալներին և երկու տեղեկացված պաշտոնյաների՝ պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ն Տեխասից Իսրայել է տեղափոխում «Patriot» հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգ՝ հրթիռային հարվածներից պաշտպանվածությունն ուժեղացնելու նպատակով։

Թերթը նաև գրել է, որ ԱՄՆ զինված ուժերը, հնարավոր սրման ակնկալիքով, անձնակազմի մի մասին դուրս են բերել Մերձավոր Արևելքում գտնվող խոցելի ռազմակայաններից։ Բացի այդ, տարածաշրջանում ամերիկյան ուժերը համալրում են զինամթերքի պաշարները, իսկ ռմբակոծիչներն ու կործանիչները նախապատրաստվում են հնարավոր հարվածների։

 

Leave a comment