Վիրավորանքներ՝ ինտելեկտի հասցեին

Նիկոլական քարոզչության մասին ասվում է, որ այն վիրավորում է նորմալ մարդկանց ինտելեկտը. վերջերս նման բան ասաց նաեւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Դրա մեջ խորը իմաստ կա: Երբեմն մի տեսակ ամաչում ես անդրադառնալ իշխանական եւ իշխանամերձ քարոզիչների ասածներին, որովհետեւ կթվա, թե այդ անհեթեթություններին լուրջ ես վերաբերվում:

Բացառված է, որ որեւէ հայ հոգեւորական, ավելին՝ ճեմարան ավարտած որեւէ անձնավորություն չիմանա, թե ինչ է ուղղափառությունը (orthodoxia-ն), եւ որ քրիստոնյաներին է ընդունված անվանել ուղղափառ: ՔՊ-ականների դեպքում դա չիմանալը սպասելի է. նրանց մեծ մասը պատկանում է իրենց սերնդի այն հատվածին, որը, ցավոք, բացի սոցցանցային վերնագրերից, էլ ոչինչ չի կարդացել:

Բայց հոգեւորականները, սարկավագից սկսած, կրկնեմ, այս հարցերին տեղյակ են: Պարզապես որոշ եպիսկոպոսների՝ Փաշինյանին ծառայելու հանգամանքն անջատել է նրանց ոչ միայն խղճի, այլեւ ինտելեկտի, գիտելիքի «կոճակը», եւ այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցին «ուղղափառ» անվանելու մեջ նրանք «ռսաստրկություն» են տեսնում:

Բայց դա դեռ անհեթեթության բարձրակետը չէ: Ըստ նույն՝ լվացած ուղեղներին ուղղված քարոզչության, կաթողիկոսի եղբայրը «ԿԳԲ-ի ագենտ» է, այսինքն` գործակալ է մի կազմակերպության, որն արդեն 34 տարի գոյություն չունի: (Եթե այդքան խիզախ եք, ասեք՝ ФСБ-ի): Կաթողիկոսն էլ իբր ծառայում է «օտարի» շահերին՝ ո՞ր «օտարի», այն «օտարի», որի հետ Փաշինյանն ունի «ուղիղ եւ ջերմ» հարաբերություննե՞ր: Բա ի՞նչն է խանգարում այդ «ուղիղ եւ ջերմ» ընկերոջն ասել, որ քո թշնամի կաթողիկոսը ծառայում է նրա՝ այդ ընկերոջ շահերին, եւ խնդրել այդ ամենին վերջ տալ:

Բայց դա էլ գագաթնակետը չէ: Վերջերս «պարզվել է», որ որոշ, ըստ ամենայնի՝ ոչ նիկոլական քահանաների քարոզը հիշեցնում է իսլամական ֆունդամենտալիզմի գաղափարախոսությունը: Այս դեպքում պետք է պարզապես հստակեցնել: Նրանք, ովքեր այդպես են մտածում, թող մեկնաբանության մեջ նշեն ոչ միայն ժամանակակից, այլեւ 1725 տարվա ընթացքում որեւէ հայ հոգեւորականի որեւէ տեքստ, որն ինչ-որ հեռավոր ձեւով հիշեցնում է ծայրահեղ իսլամիստների քարոզը:

Եթե արցախցիների իրավունքների պաշտպանությունը ֆունդամենտալիզմ է, ապա ամենամեծ ֆունդամենտալիստը նա է, ով ժամանակին բղավում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment