Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նիստում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շուրջ ընդդիմության բարձրացրած մտահոգություններին և հարցադրումներին։

Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, ըստ որի՝ TRIPP-ը չպետք է գործարկվի մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը բխում է այն ընկալումից, թե նախագիծը Հայաստանի համար վնասակար է։

«Շատ լավ է, որ TRIPP-ի իրագործումը որևէ կախման մեջ դրած չի խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հետ, ինչպես և շատ լավ է, որ, օրինակ, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը նույնպես կախման մեջ դրած չի»,- հայտարարեց Ռուբինյանը։

Նա նշեց, որ թեև Ադրբեջանն այս պահին չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակման և սահմանազատման գործընթացների իրականացումը տեղում, իր գնահատմամբ, դրական զարգացում է։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե TRIPP-ի շրջանակում Հայաստանը միակողմանիորեն ինչ-որ բան է տրամադրում Ադրբեջանին։ Ռուբինյանի խոսքով՝ նախագծով սահմանը բացվում է փոխադարձության սկզբունքով։

«Մենք, պարո՛ն Կարապետյան, Ադրբեջանին բան չենք տալիս TRIPP-ով, մենք TRIPP-ով Ադրբեջանի համար բացում ենք սահմանը նույն այն կերպ, ինչպես բացում ենք մեր համար սահմանը»,- ասաց նա։

Ռուբինյանը նշեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրից բխող հայ-ամերիկյան նախագիծը կոմերցիոն ենթակառուցվածքային ծրագիր է, որից Հայաստանը ևս պետք է ստանա փոխադարձ առավելություններ։

Նա նաև պնդեց, որ TRIPP-ը որևէ կապ չունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի այն մեկնաբանության հետ, որը հայկական կողմը բնորոշում է որպես «միջանցքային տրամաբանություն»։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ TRIPP-ի հնարավոր «լայնության» վերաբերյալ հարցերին՝ Ռուբինյանն ասաց, որ նման չափորոշիչը կիրառելի կլիներ այն դեպքում, եթե նախագիծը ենթադրեր առանձին տարածքի տրամադրում։

«TRIP-ի լայնություն, երկարություն տրամաբանական կլիներ հարցնել, եթե TRIPP-ը լիներ, օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի հետ նույնական մի պրոյեկտ։ Բայց քանի որ TRIPP-ը տարածք չի, առավել ևս արտատարածքային տարածք չի, այլ ենթակառուցվածքային բիզնես նախագիծ է, այն չի կարող ունենալ տարածք․ այն կարող է ունենալ ենթակառուցվածքներ՝ երկաթգիծ, ճանապարհ, գազատար, էլեկտրահաղորդիչ, որոնք կարող են անցնել տարբեր տեղերով»,- հայտարարեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment