«Ոչ մի ապաստարան ինձ ու տղայիս չի ընդունել»

Օրեր առաջ տեղեկացրեցինք Սասմա Առաքելյանի, նրա անչափահաս որդու մասին, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից վերդարձել էին իրենց տուն՝ Երևանի Գ. Նժդեհի 56 ա 830 հասցե, հայտնաբերել, որ այնտեղ մարդիկ են բնակվում։

Դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ «առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ» հաղորդումով»։

«Ես՝ Սասմա Առաքելյանս, եղել եմ մանկատան սան։ Մանկատնից դուրս գալուց հետո  ՀՀ համապատասխան պետական մարմինների կողմից ինձ բնակության նպատակով տրամադրվել է բնակելի տարածք՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 56 ա 830 բնակարանում, որը գտնվել է նախկին հանրակացարանի շենքում։ Այսինքն, շուրջ տասնմեկ տարի  տվյալ բնակելի տարածքը հանդիսացել է իմ փաստացի բնակության հիմնական և մշտական վայրը»։

Սասման հայտնել էր, որ ինքը նույնպես իրականացրել է սեփականաշնորհման գործընթացին ուղղված գործողություններ, այդ թվում, ստացել է տարածքի հասցե, կատարել սեփականաշնորհման համար անհրաժեշտ գործողություններ։

Այս ժամանակահատվածում, մի քանի օր մնացել էր իր ծանոթներից մեկի տանը, իսկ երկու օր է, ինչ հայտնվել է փաստացի դրսում։

«Այսօր ինչքան ապաստարան կար զանգել եմ, երեկ գիշերվանից զանգում եմ, ոչ մի ապաստարան ինձ ու տղայիս չի ընդունել կամ ասում են, թե 1- 2 տարեկան երեխայի հետ են ընդունում, մյուսներն ընդունում են միայն բռնության ենթարկվածներին։ Մի հաստատություն էլ զանգեցի, առավոտյան ասացին կզանգեն՝ հեռախոսահամար կտրամադրեն, ովքեր կացարան են տրամադրում։ Երեկվանից 114 համարին եմ զանգում, քաղաքապետարանի «Թեժ գծին», իրենք են ինձ հեռախոսահամարներ փոխանցում անօթևան մնացածների, բայց ստացվում է, որ ոչ ոք ոչնչով չի կարող աջակցել»,-ասում է Սասմա Առաքելյանը, նշելով նաև այն կազմակերպությունների անունները, որոնք հրաժարվել են տանիք տրամադրել նրան, երեխային։

Ինչ վերաբերում է, Սասմայի կողմից տրված հանցագործության մասին հաղորդմանը, ապա ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի (քնննիչ՝ Հ. Սիմոնյան) պաշտոնական գրության. «Ձեր հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել և դրա օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment