Օրերս ներքին ինֆորմացիա էինք հրապարակել, որ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է մշակել՝ Սահմանադրությունը փոխելու համար։ 4 քայլ․ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են, դիմել խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել իրեն այդ հարցում, մերժելու դեպքում առանձին պատգամավորների հետ աշխատել՝ «գողանալ», եթե սա էլ չստացվի, գնալ արտահերթ ընտրությունների՝ խորհրդարանում ստանալով սահմանադրական մեծամասնություն: Հոկտեմբերի 22-ին ինքը՝ Փաշինյանը, հաստատեց մեր տեղեկությունները, որ հնարավոր է գնա արտահերթ ընտրությունների: Թեմայի շուրջ լսեցինք «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի տեսակետը:
– Սպասո՞ւմ էիք, որ Փաշինյանը կհայտարարի, թե պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, եւ ե՞րբ կարող է լինել դա։
– Ես կուզեի այս հարցին պատասխանել՝ այն չկապելով Փաշինյանի վերջին հայտարարության հետ։ Դա թույլ կտա ոչ թե դրվագային, այլ ավելի խորքային հասկանալ խնդիրը։ Հայաստանում, իրոք, կախված է որեւէ տեսակի նոր քվեարկության ուրվականը։ Վերջին ընտրություններն արդյունք չտվեցին, որեւէ հստակություն չմտավ։ Հետընտրական մթնոլորտն առայսօր համատարած անորոշությունն է ու տագնապը։ Դրսից պարտադրվում-առաջարկվում են հանրաքվեներ։ Սա մի այլ նոնսենս է։ Բայց բոլորի համար ակնհայտ է, որ երկրի հեռանկարին, ճակատագրին առնչվող մի խումբ բարդ հարցեր պահանջում են հանրության ձայնի հստակեցում։ Թե ինչ եղանակով դա կլինի, ես չեմ կարող ասել՝ նոր ընտրություն, հանրաքվե, հանրաքվեներ, թե այլ՝ ավելի անակնկալ իրադարձություններ, ես չգիտեմ։ Ընտրություններից հետո Հայաստանում մթնոլորտը չհանդարտվեց, չպարպվեց։ Ոչ մի հստակություն չմտավ։ Սա մեր իրականությունն է, որը լուծումներ է պահանջում։
– Արդյո՞ք սա նշանակում է, որ ընդդիմությունից մարդ գողանալու պլանները չստացվեցին։
– Փաշինյանի խոսքում, իմ գնահատմամբ, որեւէ պատահական բառ կամ պահի տակ արված ձեւակերպում չկար։ «Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել…» ձեւակերպումն ավելի ընդգրկուն է, քան «մարդ գողանալ» ձեւաչափը։ Ի՞նչ կարող է մտնել «համոզելու» մեջ։ Սա կարող է ենթադրել հանրության ներսում իրենց անհրաժեշտ համապատասխան մթնոլորտի ձեւավորում, օրինակ՝ հանրությանը համոզել, թե «ընդդիմությունը մերժում է խաղաղությունը» կամ՝ «ընդդիմությունը ժողովրդին տանում է արկածախնդրության»։ Սա կարող է ենթադրել նաեւ ազդեցիկ պետությունների հնարավոր ինտենսիվ «հորդորը» ընդդիմությանը՝ դեմ չլինել հանրաքվեին։ Հնարավոր են ճնշման այլ մեթոդներ նույնպես։ Սրանք սցենարներ են, որոնց պետք է պատրաստ լինել։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել ընդդիմադիր խմբակցությունների անելիքի մասին, բայց, որպես քաղաքացի, ես տեսնում եմ սցենարներ, որտեղ հայ հասարակությունը հայտնվելու է փակուղու մեջ։ Իշխանության «չանենք սա՝ պատերազմ կլինի» լծակն անխափան աշխատելու է, եթե չգտնվեն հակառակ ճիշտ բանաձեւեր, որոնք մի կողմից խաղաղ ընթացք կապահովեն, մյուս կողմից էլ՝ երկրի ներսում առողջացման պրոցես։
– Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո մարդը պատրաստվում է երկիրը նորից տանել համապետական ընտրությունների։
– Իրականում, հունիսի 8-ից սկսած՝ նոր ընտրությունների գաղափարն օրակարգում է։ Սա իսկապես հանրային աննորմալություն է։ Ամիսների ընթացքում հարցի սրությունը միայն աճել է։ Նշեմ հիմնական պատճառները. ընտրություններից հետո մթնոլորտը չլիցքաթափվեց։ Ընդդիմության բոլոր երեք լիդերներն անազատության մեջ են, մի ամբողջական խմբակցություն անհավատալի աճպարարությամբ դուրս թողնվեց խորհրդարանից, ԵԽԽՎ զեկույցում արձանագրվեց ե՛ւ այդ փաստը, ե՛ւ այլ կոպիտ խախտումների մի պատկառելի ցանկ։ Հասարակության ճնշող մեծամասնությունը վստահ է, որ ընտրություններն արդար չեն եղել, եւ ԱԺ պատկերը պետք է այլ լիներ։ Եվրոպան սա ընդունել է, Ռուսաստանը սա ընդունել է, ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը չի՞ հասկանում սա։ Այս ԱԺ-ի ցանկացած փաստաթուղթ վաղը-մյուս օրը վիճարկվելու է։ Սրանով հանդերձ, ես չեմ պնդում, որ Փաշինյանն անպայման կգնա արտահերթ ընտրությունների։ Ակնհայտ է, որ լեգիտիմ ընտրությունների համար նախ ընդդիմության առաջնորդները պետք է լինեն ազատության մեջ։ Եվ վերջապես՝ ցանկացած ընտրություն ունի ռիսկերի եւ անկանխատեսելիության մեծ պաշար։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: