Հոկտեմբերի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը բացման խոսքով հանդես եկավ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի (KAS) կազմակերպած՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, KAS-ի փորձագետ Սերգեյ Մինասյանի հեղինակած «Հայաստանի ռազմական և անվտանգային վերափոխման եվրոպական չափումը» (The European Dimension of Armenia’s Military and Security Transformation) զեկույցի շնորհանդեսին։
Իր խոսքում դեսպան Բալայանն անդրադարձավ Հայաստան-Եվրամուիթյուն գործընկերության պաշտպանական և անվտանգային բաղադրիչի ընդլայնմանը։ Մասնավորապես, ընդգծեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) ներկայության կարևորությունը՝ Հայաստանի սահմանային իրավիճակի և բնակչության անվտանգային ընկալումների ամրապնդման տեսանկյունից, ինչպես նաև Եվրոպական խաղաղության գործիքի (EPF) շրջանակում Հայաստանին տրամադրվող աջակցության դերը՝ պաշտպանական կարողությունների զարգացման և դիմակայունության ամրապնդման գործում։
Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանին առևտրային ինքնավար միջոցների (ATMs) տրամադրմանը՝ նշելով, որ թեև դա բնույթով անվտանգային գործիք չէ, այնուամենայնիվ, կարող է նպաստել հայկական ապրանքների՝ ԵՄ շուկա արտահանման համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը՝ այդպիսով անուղղակիորեն նպաստելով ընդհանուր անվտանգության խորացմանը։
Միջոցառմանը ներկա են եղել Բրյուսելում հավատարմագրված, ԵՄ տարբեր կառույցների և գիտահետազոտական կենտրոնների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Որպես բանախոս միջոցառմանը մասնակցել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։
Բելգիայում Հայաստանի դեսպանություն / ԵՄ-ում Հայաստանի առաքելություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: