Թուրքիան հյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն ուրբաթ Ստամբուլում կհանդիպեն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի ու Եգիպտոսի իրենց գործընկերների հետ՝ տարածաշրջանային հակամարտությունների և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը, հայտնում է AFP-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հանդիպումը կհյուրընկալի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Սա առաջին հանդիպումն է, որը մեկտեղելու է եվրոպական երեք երկրներին՝ հայտնի որպես E3, և նոր ձևավորված R4 խմբին, որի կազմում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Եգիպտոսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրակարգում են պաղեստինյան հարցը, Եմենում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ջանքերը։

«Յոթ երկրներն առաջին անգամ կհանդիպեն R4+E3 ձևաչափով՝ Թուրքիայի նախաձեռնությամբ»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ նրանք կուսումնասիրեն «համագործակցության և համակարգման այն հնարավորությունները, որոնք առաջիկա ժամանակահատվածում կարող են գործնականում կիրառվել»։

Ակնկալվում է, որ Ֆիդանը միջազգային հանրությանը կոչ կանի ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ կապված բնակավայրերի ընդլայնման և այն բանի հետ, ինչը աղբյուրը բնութագրել է որպես «վերաբնակիչների ահաբեկչության խրախուսում»։ Նա նաև աջակցություն կհայտնի Եմենի հութիների հարձակումների պայմաններում Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովմանը և կընդգծի Հորմուզի ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով նավարկության ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Ուկրաինայի հարցով ակնկալվում է, որ Ֆիդանը կրկին կներկայացնի Թուրքիայի «նախազգուշացումներն ու առաջարկները», որոնք նպատակ ունեն կանխել պատերազմի տարածումը դեպի Սև ծով և վերջ դնել խաղաղ բնակիչների զոհվելուն։

E3 ձևաչափը ձևավորվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ջանքերը համակարգելու նպատակով։ R4 ձևաչափը ստեղծվել է այս տարի՝ միավորելով Եգիպտոսը Մեքքայի պաշտպանության համաձայնագրի երեք ստորագրողների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment