«Բանակցային գործընթացում չկա Ադրբեջանի պահանջ՝ դրված ՀՀ առաջ՝ փոխել Սահմանադրությունը։ Ուրիշ է իրավիճակը, Ադրբեջանը ոչ թե Հայաստանի առաջ պահանջ է դնում, այլ հրապարակային ասում է՝ մենք չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխում Սահմանադրությունը։ Նախապայմանը պահանջ բառից էականորեն տարբեր է։ Ադրբեջանն իր համար այդպիսի պայման է տեսնում ստորագրելուց առաջ եւ դրանով կիսվում է մեր եւ աշխարհի հետ։
Մյուս կողմից՝ մենք նախ չենք կիսում այդ օրակարգը։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեր Սահմանադրությունը մեր ներքին գործն է եւ մեր որոշելիքը։ Բայց նաեւ մենք հասկանում ենք, որ ներքին հարաբերություններից զատ՝ այս փաստաթուղթն ունի նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն։ Եվ մենք դա հասկանալով՝ փոփոխության նախագիծ ենք առաջարկում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին։
Արարատ Միրզոյանը հորդորեց, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները հստակ ասեն, թե ի՞նչ զիջումների է գնացել այս իշխանությունը։
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ զիջումներ շատ են եղել, վերջին զիջումը՝ «խաղաղության պայմանագիրը» նախաստորագրված է, բայց Ադրբեջանը հրապարակային հստակ ասում է, որ այն չի ստորագրի, քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել։ «Զուգահեռաբար Հայաստանում նախաձեռնվում է գործընթաց, իշխող ուժը եւ պետական ապարատը ամբողջությամբ լծված են Սահմանադրության փոփոխությանը։ Փաստացի գործողությամբ ընդունում եք Ադրբեջանի պահանջը՝ Սահմանադրությունը փոխվում է»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը հավելեց․ «ԹՐԻՓՓ-ը խաղաղության գործընթացի կարեւոր բաղադրիչ է, եւ մեր պատկերացմամբ սկզբից պետք է լինի ստորագրված խաղաղությունը։ Հաստատված խաղաղության մասին խոսում եք միայն դուք, Ադրբեջանը չի խոսում»։
Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Սահմանադրության մասով չեմ ուզում որեւէ կերպ խուսափել ձեր ասածից, ավելին ասեմ՝ ես ուզում եմ քայլ առաջ անել եւ ասել, որ ես մեծ հույս ունեմ այս մասին ունենալ էական լուրջ բովանդակային խոսակցություններ առաջիկայում։ Դրա համար կարող եմ առաջարկել ձեզ մի հատ մտածել՝ գուցե համաձայնեք հանրաքվեի գաղափարին, Սահմանադրության նախագծին հաստատում տանք եւ գնանք այդ խոսակցությունն ազգովի ունենաք, ի՞նչ խնդիր կա, որ»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, դիմելով Արարատ Միրզոյանին, ասաց․ «Վաղն էլ կարող եք ասել՝ Երեւանի հրապարակն ենք զիջում, հետո հարցնել՝ իսկ ի՞նչ ենք զիջել»։
Արարատ Միրզոյանը նորից հորդորեց ներկայացնել, թե ի՞նչ է զիջել իշխանությունը։ Իրինա Յոլյանն ասաց՝ օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը։
«Օրինակ է բերվում, որ Գորիս Կապան ճանապարհը, բայց ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել։ Գնացեք փորձեք հակափաստարկներ բերել։
Մանրամասները՝ տեսանյութում
Իրինա Յոլյանն արձագանքեց․ «Հենց հիմա մեր սուվերեն տարածքում Ադրբեջանը Շիկահողում ձեր ասած խաղաղության պայմաններում ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, բայց դուք այդ համարձակությունը չեք ունենալու բարձրաձայնելու։ Բայց այստեղ գալու եք ասեք, որ՝ մենք գնում ենք խաղաղության, և այն այլեւս հաստատված է։ Հաստատված չէ, քանի դեռ Սեւ լճում, Ջերմուկում Ադրբեջանը շարունակում է ոչ միայն օկուպացված պահել մեր տարածքները, նաեւ անվտանգության տեսանկյունից վերահսկել մեր ջրային ռեսուրսները եւ ոչ միայն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: