Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է համաձայնագրի նախապատմությունը, նպատակները, կառավարման մոդելն ու ակնկալվող ենթակառուցվածքները։
Միրզոյանի փոխանցմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է Երևանում հիմնադրել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» ՓԲԸ, որը կարող է կառուցել և կոնցեսիոն կառավարման վերցնել տարբեր կապուղիներ՝ երկաթուղային հաղորդակցություն, էլեկտրաէներգետիկ ցանցեր և հաղորդակցություն, նավթամուղ և գազամուղ, ճանապարհներ և այլ հաղորդակցություններ։
Նախարարն ընդգծեց, որ թվարկված յուրաքանչյուր ենթակառուցվածքի իրականացման համար ստեղծվելու են առանձին դուստր կազմակերպություններ։ Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ հողամասերը Հայաստանը կազատի բեռներից ու երրորդ անձանց իրավունքներից և հողօգտագործման իրավունքով կտրամադրի ընկերությանը։
«ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» հայաստանյան ՓԲԸ-ի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ում ստեղծվելիք պետական ընկերությանը («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»), իսկ 26%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը։ ԱՄՆ-ի ընկերությունը մշտապես մնալու է ԱՄՆ կառավարության սեփականությունը և չի կարող օտարվել երրորդ կողմի։
Կարգավորումը գործելու է 49 տարով։ Ժամկետը լրանալուց հետո, եթե կողմերը որոշեն երկարաձգել այն, Հայաստանի բաժնեմասն ավտոմատ կերպով և առանց լրացուցիչ ֆինանսական ներդրման կդառնա 49%, իսկ ԱՄՆ-ինը՝ 51%։
Քանի որ ԱՄՆ-ն չի ունենալու որոշումների ընդունման 2/3-ը, իսկ առանցքային հարցերի համար Հայաստանի ձայնը լինելու է պարտադիր, Միրզոյանի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող առանց Երևանի համաձայնության բաժնեմաս վաճառել կամ նվիրել, կնքել խոշոր գործարքներ, հաստատել կոնցեսիոն պայմաններ, ստեղծել դուստր ընկերություններ կամ որոշումներ կայացնել ազգային անվտանգությանն առնչվող հարցերում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան