«Տաշիր Կապիտալ»․ ՀԷՑ-ի վերաբերյալ կառավարության որոշումը հակասում է արբիտրաժի վճռին

«Տաշիր Կապիտալը» հայտարարել է, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշումը հակասում է արբիտրաժի վճռին: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Կառավարությունը հոկտեմբերի 15-ին որոշում է ընդունել ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի նկատմամբ հանրային գերակա շահ սահմանելու վերաբերյալ։

«ՀՀ կառավարության այս որոշումը 2025 թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ որոշմամբ արտակարգ արբիտրը պարտավորեցրել է կառավարության ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ ՀՀ կառավարության կողմից այդ որոշման պահպանման պարտավորությունը 2025 թ. դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից»,– ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունն ու պետական տարբեր կառույցները բազմիցս չեն պահպանել արբիտրաժային որոշմամբ նախատեսված ապահովման միջոցները:

«Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից»,– ընդգծել են «Տաշիր Կապիտալ»–ից:

Նշվում է, որ «նման անօրինական գործողությունները համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները»:

Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի ձեռքբերման դիմաց սեփականատերերին առաջարկել է 380 հազար դոլար, որը մերժվել է Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է որոշում ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։ Նրա ներկայացմամբ՝ այդ որոշմանը հաջորդելու են ընկերության շուկայական արժեքի գնահատման և համապատասխան փոխհատուցման գործընթացները։

Leave a comment