Եվրոպական մի շարք երկրների դպրոցներում հոկտեմբերի 19-ի առավոտյան գրանցվել է ռումբերի առկայության մասին կեղծ ահազանգերի լայնամասշտաբ ալիք։ Սպառնալից նամակներ ու հաղորդագրություններ են ստացվել Հյուսիսային Իռլանդիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Մեծ Բրիտանիայի հարյուրավոր ուսումնական հաստատություններում, ինչը լուրջ անհանգստություն է պատճառել իշխանություններին ու հանրությանը։
Միայն Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան 160 դպրոց էլեկտրոնային փոստով ստացել է պայթյունների վերաբերյալ նախազգուշացումներ։ Ինչպես հայտարարել է ինքնավար տարածաշրջանի կրթության նախարար Փոլ Գիվանը, նամակներում նշվել է երկրում շարիաթի օրենքների ներդրման և դպրոցների շենքերում իբր տեղադրված պայթուցիկ սարքերի մասին, իսկ հաղորդագրություններն ավարտվել են «Ալլահու ակբար» արտահայտությամբ։ Ոստիկանությունն անմիջապես սկսել է ստուգումները, որոշ դպրոցներ ժամանակավորապես փակվել են, թեև իշխանություններն այդ սպառնալիքները որպես իրական վտանգ չեն գնահատում։
Համանման իրավիճակ է ստեղծվել նաև Հունգարիայում, որտեղ պայթյունի վերաբերյալ սպառնալիքներ է ստացել ավելի քան 70 ուսումնական հաստատություն։ Երկրի ներքին գործերի նախարար Գաբոր Պոսֆայի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական ծառայությունը ստուգել է համապատասխան հաստատությունները, և պարզվել է, որ ահազանգերն անհիմն են։ Իրավապահ մարմիններն անում են առավելագույնը՝ իրավիճակը կարգավորելու և դպրոցների բնականոն աշխատանքը վերականգնելու համար։