Հասարակություն
19.10.2026 | 16:37
Սյունիքի մարզում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացին Հայաստան է տեղափոխել 69,34 կգ մարիխուանա և թողել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիներ վերցրել են թմրամիջոցն ու տեղադրել ավտոմեքենայում։ Խուզարկությամբ հայտնաբերվել է նշված քանակությամբ մարիխուանա։ ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում:
Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով:
ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը):
Նրանք կալանավորվել են:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: