«Գյումրու օր» տոնակատարությունը նշվեց ոչ միայն քաղաքի տարբեր թաղամասերում տոնական համերգներով, պարային խմբերի ելույթներով, այլ թանգարաններում կազմակերպված միջոցառումներով։
Գյումրու սրտում գտնվող Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը, որը երբեք անտարբեր չի թողնում քաղաքի այդ հատվածով անցնող այցելուներին, երեկ իր շուրջն էր հավաքել ոչ միայն քաղաքի բնակիչներին, այլև մեծ թվով զբոսաշրջիկների։
Այստեղ «Տատիկ գալուր կմաղե» ազգագրական երգի բարձր հնչունների ներքո Գյումրու օրը նշվեց թանգարանի բակում տեղադրված թոնրում լավաշթխիկով, հայկական ավանդական ուտեստների ճոխ հյուրասիրությամբ ու նաև շիրակցիների կողմից հացի պաշտամունքի մասին գիտական զեկույցով՝ «Հացահատիկը Շիրակի պատմամշակութային ժառանգության մեջ»։
Լսելով երգի հնչյունները՝ քաղաք եկած հյուրերը մտնում էին թանգարանի բակ, մասնակցում լավաշթխիկին, ծանոթանում ավանդական հացի նշանակությանը, պատրաստման ծիսական կարգին, վերցնում էին իրենց բաժին հացը ու բարձր տրամադրությամբ հեռանում։
Լավաշթխիկին զուգահեռ թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Պետրոսյանը հանդես եկավ «Հացահատիկը Շիրակի պատմամաշկութային ժառանգության մեջ» գիտական զեկույցով:
Նա, պատմիչների վկայակոչելով, ներկայացրեց ապացույցներ առ այն, որ Շիրակը հնագույն ժամանակներից համարվել է հացազգիների մշակությամբ զբաղվողների բնակատեղի։
«Շիրակ գավառանունը հնդեվրոպական ծագում ունի և նշանակում է հացի ամբարներ։ Հնդեվրոպական լեզուներում սիր արմատով սիրոս, սիրուս բառերը նշանակում են «ցորենի ամբար», «ստորգետնյա շտեմարան»։
Շիրակ տեղանվան շիր արմատը ևս այդ իմաստով գործածելիս՝ կնշանակի «քարանձավ-ամբար, քարանձավ-շտեմարան»։ Իսկ Շիրակ գավառը քարանձավաշատ էր և հացառատ», – ասաց Լուսինե Պետրոսյանը։
Նա նաև նշեց, որ Կումայրի անունը առնչություն ունի Շիրակի նախնադարյան բնական քարանձավների հետ։
«Ըստ հայագետներ՝ Գ․Ղափանցյանի և Ս․ Պետրոսյանի, Կումայրի տեղանվան (կում-այրի-ի) մեջ հայտնվել է այր (քարանձավ) բաղադրիչը։ Կումայրիի կում բաղադրիչը գրաբարում նշանակել է «խումբ, բազմություն»։
Ուրեմն Գյումրի անվան Կումայրի նախաձևը նշանակում է «անձավախումբ» և առնչվում է Շիրակի նախնադարյան այն բնական քարանձավներին, որոնք որոշակի ձևափոխման ենթարկվելուց հետո հնագույն շիրակցուն ծառայել են թե՛ որպես հացահատիկի պահեստավորման վայրեր, թե՛ որպես հուսալի ապաստարաններ», – ներկայացրեց Լուսինե Պետրոսյանը։
Նա մեջբերեց նաև Մովսես Խորենացու ավանդազրույցներից մեկը, ըստ որի՝ Շիրակը համարվում է Հայկի սերունդներից շատակեր և բազմազավակ Շարային հատկացված տարածք։ Այն, որ Շիրակը հացի վիթխարի շտեմարան է եղել, այդ մասին վկայում է հայտնի արտահայտությունը՝ «Եթե դու Շարայի պես շատակեր ես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք»:
Շիրակցիները կերուխումի, ցնծալից խնջույքների ու խաղուպարի Աստծուց՝ Շարայից բացի, պաշտել են հացը ու նաև օձին, քանի որ օձը մարդու դաշնակիցն էր՝ կրծողների՝ հացահատիկի գողերի դեմ պայքարում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: