Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն ստեղծելու ուղղությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրվեց Mining Armenia 2026 ֆորումի շրջանակում։
Հուշագիրը ստորագրեցին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
Ֆորումի ընթացքում Դավիթ Խուդաթյանն ընդգծեց, որ Հայաստանը սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում։
Նախարարը նշեց նաև, որ ոլորտի զարգացման համար կարևոր է ոչ միայն բնական պաշարների առկայությունը, այլև դրանց արդյունավետ կառավարումն ու գիտելիքի կիրառումը։
«Հանածոն, ռեսուրսը երբեմն կարող են առանց գիտելիքի նույնիսկ սպառնալիք լինել պետության համար, և մեր խնդիրն է համատեղ ջանքերով կարողանալ ոչ միայն կառավարել այդ սպառնալիքը, այլև այն դարձնել հնարավորություն, հաջողություն, միջոց՝ կայուն, երկարաժամկետ զարգացման համար»,- ասաց Խուդաթյանը։
Նախարարն ընդգծեց, որ ընդերքօգտագործումը պետք է իրականացվի բնության և կենսաբազմազանության պահպանության սկզբունքով։
Անդրադառնալով ոլորտի առաջիկա ծրագրերին՝ նախարարը հայտնեց, որ նախատեսվում է ընդլայնել թվայնացման գործիքների կիրառումը։ Մասնավորապես, ընդերքօգտագործման բոլոր տեսակի թույլտվությունները առաջիկայում կտրամադրվեն միասնական համակարգով՝ թվային գործիքների կիրառմամբ։
Խուդաթյանի խոսքով՝ ընթացքի մեջ է նաև երկրաբանական ծառայության ստեղծումը։ Նախատեսվում է, որ այն կձևավորվի 2027 թվականի վերջին և հնարավորություն կտա մեկ կենտրոնից համակարգելու ու գնահատելու ոլորտի խնդիրները։
Նախարարը նաև կարևորել է Mining Armenia 2026 ֆորումի շրջանակում տեղի ունեցած քննարկումները՝ նշելով, որ գործընկերների միջև մտքերի փոխանակումը կարող է օգտակար լինել ոլորտի հետագա զարգացման համար։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան